ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը հրաժարական է տվել
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը հրաժարական է տվել։
Այս մասին ինքը` Դանիելյանը, հայտնել է Facebook–ի իր էջում։
Դանիելյանը խնդրել է գործընկերներին «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, նույն հոդվածի 2-րդ մասի և 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն, ընդունել իր հրաժարականը` լիազորությունները դադարած համարելով առաջիկա աշխատանքային օրվանից՝ հունիսի 10-ից:
Նա գրել է, որ հանգիստ է հեռանում՝ պարտքը կատարածի զգացումով, քանի որ, նրա խոսքով, Գագիկ Հարությունյանի ղեկավարությամբ շուրջ մեկ տարի աշխատել է աննախադեպ ծանրաբեռնված ռեժիմով, աշխատանքային ու շենքային գրեթե անընդունելի պայմաններում, մամուլում հաճախակի հանդիպող ակնհայտ կեղծ, ստահոդ տեղեկատվության ներքո` կարողանալով սեփական ուժերով մշակել ու հաստատել նորաստեղծ Խորհրդի գործունեության մի քանի տասնյակի հասնող լրջագույն իրավական հիմքերը, հանրության դատին հանձնել արդարադատության արդյունավետության արմատական բարելավմանը միտված համալիր հայեցակարգ։
«Այս փուլում, կարծում եմ, որ չկան խիստ հրատապ լուծում պահանջող խնդիրներ, ուստի ըմբռնումով կմոտենաք իմ հրաժարականին: Բացի այդ, սա Ձեզ համար այնքան էլ անակնկալ չէր: Առնվազն իմ մասով անհրաժեշտ եմ գտնում ընձեռել հնարավորություն, որպեսզի նորացված ու իրապես վստահություն ներշնչող կազմով Բարձրագույն դատական խորհուրդը ձեռնամուխ լինի կյանքի կոչելու դատաիրավական բարեփոխումները»,– ավելացրել է Դանիելյանը։
Նա միաժամանակ խնդրել է նկատի ունենալ, որ Բարձրագույն դատական խորհրդի նիստում սույն հրաժարականի քննարկմանը, հասկանալի դրդապատճառներով, նպատակահարմար չի գտնում մասնակցել:
Դանիելյանը գործընկերներին և դատական իշխանության ներկայացուցիչներին մաղթել է հաջողություններ և նշել է, որ զբաղվելու է գիտակրթական գործունեությամբ, նշելով, որ այդ ոլորտում վստահության խնդիր չունի և ամենամյա սոցհարցումներով իրեն է շնորհվում ամենաբարձր գնահատականը:
«Չի բացառվում, որ զբաղվեմ նաև իրավաբանական օգնության ծառայություն մատուցելով: Մի խոսքով՝ կյանքը լիարժեք շարունակվում է ....»,– եզրափակել է նա։ -0-