ԱԺ մեկ տասնյակից ավելի պատգամավորներ հայտարարություն են տարածել` կողմ հանդես գալով դեկտեմբերին ընտրությունների անցկացմանը
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հայտարարություն են ստորագրել:
Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, Ավագանու խորհրդի անդամ Արմեն Սարգսյանը։
Հայտարարության մեջ նշվում է.
«Պաշտպանում ենք 2018 թվականի դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը:
Վարչապետի պաշտոնից Ն. Փաշինյանի հրաժարականից հետո մինչև ԱԺ արտահերթ ընտրությունները նոր վարչապետ չպետք է ընտրվի, և գործող ԱԺ-ն պետք է լուծարվի»:
Ներկայացվել է հայտարարության տակ ստորագրած պատգամավորների ցանկը՝
1. Աշոտ Արսենյան
2. Ալիկ Սարգսյան
3. Արտակ Սարգսյան
4. Արման Սահակյան
5. Տաճատ Վարդապետյան
6. Հակոբ Գառնիկի Հակոբյան
7. Շիրակ Թորոսյան
8. Կնյազ Հասանով
9. Արսեն Միխայլով
10. Հարություն Կարապողոսյան
11. Սամվել Ալեքսանյան
12. Նահապետ Գեւորգյան
13. Արայիկ Գրիգորյան
14. Իշխան Զաքարյան
Նախօրեին մի քանի պատգամավորներ հայտարարություններ էին տարածել, որով հայտնել էին իրենց աջակցությունը դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն։
Հոկտեմբերի 2–ին ԱԺ–ի արձակումը թույլ չտվող օրինագծի ընդունումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով Բաղրամյան պողոտայում կազմակերպվեց բազմամարդ հանրահավաք, որի ժամանակ հայտարարեց ԲՀԿ–ական և ՀՅԴ–ական նախարարներին պաշտոններից ազատելու մասին։ Նույն օրը Փաշինյանը խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ բանակցություններից հետո հայտարարեց, որ ձեռք է բերվել բանավոր պայմանավորվածություն այն մասին, որ ԲՀԿ, Հանրապետական և ՀՅԴ խմբակցությունները վարչապետի թեկնածու չեն առաջադրի, խորհրդարանը կարձակվի, իսկ արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն դեկտեմբերին առաջին կեսից ոչ ուշ։ Սակայն, այդ քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ավելի ուշ հայտարարեցին, որ որևէ կոնկրետ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։–0–