Այժմ դիվանագիտական ահռելի աշխատանք է տարվում Ադրբեջանում անազատության պահվող մեր հայրենակիցների հարցը հնարավորինս արագ լուծելու համար․ Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Այժմ դիվանագիտական ահռելի աշխատանք է տարվում Ադրբեջանում անազատության պահվող մեր հայրենակիցների հարցը հնարավորինս արագ լուծելու համար, ինչի արտահայտությանը վերջերս ականատես եղաք, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ժողովրդին ուղղված իր ուղերձում։
Նրա խոսքով, Խաղաղության համաձայնագրի տեքստի բանակցությունները սկսվել են 2022 թվականի գարնանից, ր մենք այդ հարցը Համաձայնագրում ներառելու լրջագույն ջանքեր ենք գործադրել։
«Բայց որքան ձգվել են բանակցությունները, հասկացել ենք, որ Ադրբեջանում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցների հարցը Համաձայնագրի տեքստում ներառելը կարող է մեկնաբանվել, թե նրանց վերադարձը Համաձայնագրի ստորագրումից և վավերացումից հետոյի հարց է, իսկ մենք այդ կանխավարկածով չենք առաջնորդվել ու չենք առաջնորդվում։ Եվ այդ կանխավարկածով չառաջնորդվելու արդյունքում է, որ Խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների մեկնարկից ի վեր մեր 58 հայրենակիցներ վերադարձել են գերությունից և եթե հարցը թողնված լիներ Խաղաղության համաձայնագրին, դա կարող էր և տեղի չունենալ և մեծ հավանականությամբ տեղի չէր ունենա։ Այժմ էլ դիվանագիտական ահռելի աշխատանք է տարվում այդ խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար, ինչի արտահայտությանը վերջերս ականատես եղաք», – ասել է Փաշինյանը։