Արցախի ԱԳՆ-ի հայտարարությունը երկրի հյուսիս-արևելքում տեղակայված հոսպիտալի դիտավորյալ գնդակոծության վերաբերյալ
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել երկրի հյուսիս-արևելքում տեղակայված հոսպիտալի դիտավորյալ գնդակոծության վերաբերյալ։
«Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության հյուսիս-արևելքում տեղակայված հոսպիտալի դիտավորյալ գնդակոծությունը, որտեղ բուժում էին ստանում նաև քաղաքացիական անձինք: Պատերազմի օրենքների և սովորույթների նմանատիպ կոպիտ խախտումը հերթական անգամ ցույց է տալիս, որ իր աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու ճանապարհին Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների եռյակ դաշինքը հետ չի կանգնելու որևէ հանցագործությունից»,- ասվում է ԱԳՆ-մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
«Վերստին ընդգծում ենք, որ այն պայմաններում, երբ Ադրբեջանի իշխանությունները, ստանալով Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների աջակցությունը և մնալով անպատիժ, կորցրել են իրականության զգացումը և միտումնավոր կերպով տորպեդահարում են Ռուսաստանի Դաշնության և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խաղաղարար նախաձեռնությունները՝ բռնության աճը կասեցնելու, բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու և տարածաշրջանում տևական ու կայուն խաղաղություն ապահովելու միակ արդյունավետ միջոցը Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումն է»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:-0-