Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-5

Զոհրաբ Մնացականյանը գաղտնի հանդիպել է Սերգեյ Լավրովի հետ

26.03.2019, 12:35
Ամենաուշագրավն այն է, թե հատկապես ի՞նչ հարց կամ հարցեր են քննարկվել Մոսկվայում, որոնք թաքցնելու անհրաժեշտություն է առաջացել:
Զոհրաբ Մնացականյանը գաղտնի հանդիպել է Սերգեյ Լավրովի հետ

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /ԱՌԿԱ/. Կարծես թե հստակեցվում է Փաշինյան-Ալիեւ հերթական հանդիպման վայրն ու ժամանակը՝ Վիեննա, 29-ը մարտի։ Թե ինչ հարցեր են քննարկվելու այդ հանդիպման ժամանակ, և ինչի շուրջ են բանակցելու կողմերը, չի հաղորդվում, սակայն ակնհայտ է, որ այդպիսի հանդիպում նախապատրաստվում է առնվազն ԱԳՆ ղեկավարների մակարդակով, գրում է «168 ժամ» օրաթերթը։

Օրեր առաջ տեղի էր ունեցել Մնացականյան-Լավրով հեռախոսազրույց, որի բովանդակության մասին ոչինչ չէր ասվում։

Պարզվում է, սակայն, որ հեռախոսազրույցից բացի՝ տեղի է ունեցել նաև Մնացականյանի այցը Մոսկվա, որի մասին տեղեկությունը թաքցվում է հանրությունից։ Ըստ «168 Ժամի» հավաստի աղբյուրների՝ Մնացականյանի այցը տեղի է ունեցել մարտի 21-22-ն ընկած ժամանակահատվածում։

«168 Ժամը» այս տեղեկատվությունը ճշտելու նպատակով հարցում ուղարկեց ՀՀ Արտաքին գործերի նախարարություն՝ պարզաբանում խնդրելով այն մասին, թե Զոհրաբ Մնացականյանը մարտի 21-22-ն ընկած ժամանակահատվածում ի՞նչ նպատակով է բացակայել երկրից։ Մենք խնդրել էինք պարզաբանել՝ գործուղմա՞ն է եղել, թե՞ ոչ, ի՞նչ հանդիպումներ է ունեցել Զ. Մնացականյանը, և ինչո՞ւ այդ մասին պաշտոնական որևէ հաղորդագրություն չի տարածվել։ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն ի պատասխան՝ գրել է.

«Ի պատասխան հարցման՝ նշեմ, որ մարտի 21-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը գտնվել է Երեւանում, մարտի 22-ին բացակայել է Երեւանից: Այս իմաստով հաղորդագրություն չի տարածվել, քանի որ հրապարակման անհրաժեշտություն չի եղել»։

«Այս պատասխանը, ըստ էության, հաստատում է մեր տեղեկությունը, որ Զոհրաբ Մնացականյանը մարտի 22-ին գտնվել է Մոսկվայում։ Ի դեպ, ինքնաթիռում նրան ուղեկցել է ԱԳՆ աշխատակից, ով նախարարի հետ մեկնել է բիզնես դասով։

Այսպիսով, նախարարը մեկօրյա այց է ունեցել Մոսկվա, որտեղից վերադարձել է մարտի 22-ի լույս 23-ի գիշերը։ Ենթադրվում է, որ տեղի է ունեցել Լավրով-Մնացականյան հանդիպում՝ վերոնշյալ Ալիեւ-Փաշինյան հանդիպման նախաշեմին։ Ուրեմն ի՞նչ է նշանակում ԱԳՆ պատասխանը, թե «նախարարի՝ երկրից բացակայելու իմաստով հաղորդագրություն չի տարածվել, քանի որ հրապարակման անհրաժեշտություն չի եղել», - գրում է թերթը։

Այս պատմության մեջ ամենաուշագրավն այն է, թե հատկապես ի՞նչ հարց կամ հարցեր են քննարկվել Մոսկվայում, որոնք թաքցնելու անհրաժեշտություն է առաջացել»:-0-