Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-7

Վարչապետը չի ընդունել Մանե Թանդիլյանի հրաժարականը

21.06.2018, 12:16
Թանդիլյանը կշարունակի զբաղեցնել նախարարի պաշտոնը։
Վարչապետը չի ընդունել Մանե Թանդիլյանի հրաժարականը

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ չի ընդունում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականը։ Նա հայտարարել է, որ Թանդիլյանը կշարունակի զբաղեցնել նախարարի պաշտոնը։

ՀՀ կառավարությունը հունիսի 11–ին արտահերթ նիստի ժամանակ ընդունեց «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքում նախատեսված փոփոխությունները, ինչպես նաև հաստատեց որոշումը, որը վերաբերում է պարտադիր բաղադրիչում պետական մասնաբաժնի ավելացմանը (5%–ից մինչև 7,5%)։ Սոցիալական վճարների պարտադիր բաղադրիչն ուժի մեջ է մտնում հուլիսի 1–ից։

Հունիսի 12–ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հրաժարական տվեց և որպես այդ քայլի պատճառ նշեց ավելի վաղ ընդունված «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքը, որը նախատեսում է 2018 թ.–ի հուլիսի 1–ից սոցիալական վճարների պարտադիր բաղադրիչի ներդրում։

«Մենք տիկին Թանդիլյանի հետ վերջին օրերին քննարկել են այդ հարցը և եկել համատեղ որոշման, որ նա կշարունակի զբաղեցնել այդ պաշտոնը, և մենք միասին կաշխատենք կուտակային կենսաթոշակային համակարգի բարելավման վրա, որպեսզի ստեղծենք բոլոր շահագրգիռ կողմերին բավարարող օրենք»,– հայտարարեց ՀՀ վարչապետը։

Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը ներդրվել է Հայաստանում 2014 թ.–ի հունվարի 1–ից և գործում է 1974 թ.–ի հունվարի 1–ից հետո ծնված բոլոր քաղաքացիների համար։ 

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթները ՀՀ սահմանադրությանն անհամապատասխան ճանաչելուց հետո պարտադիր բաղադրիչը գործում է միայն բյուջետային աշխատողների համար։ Մնացած քաղաքացիների համար օրենսդրական կարգով նախատեսվում էր ավելի վաղ կատարված կենսաթոշակային վճարների վերադարձ։ 

ՀՀ ԱԺ–ն այս տարվա մայիսի 12–ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց փոփոխություններ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում, որոնք նախատեսում են պարտադիր բաղադրիչի ներդրման ժամկետի երկարաձգում մինչև 2018 թ.–ի հուլիսի 1–ը։–0–