Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-4

Սփյուռքի նորանշանակ նախարարը խոստացել է կատարել կադրային փոփոխություններ և պայքարել կոռուպցիայի դեմ

14.05.2018, 11:15
«Կարծում եմ, որ ՀՀԿ–ի իշխանության օրոք չի եղել ոչ մի ոլորտ, որտեղ չի եղել կոռուպցիա։ Սակայն ես վստահ եմ, որ մենք կկարողանանք հաղթահարել այդ խնդիրը», – հայտարարել է նորանշանակ նախարարը։
Սփյուռքի նորանշանակ նախարարը խոստացել է կատարել կադրային փոփոխություններ և պայքարել կոռուպցիայի դեմ

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /ԱՌԿԱ/. Սփյուռքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է, որ գերատեսչությունում սպասվում են կադրային փոփոխություններ։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 12–ին նշանակեց մի շարք նախարարների` ավարտելով կառավարության ձևավորման գործընթացը։ Երկուշաբթի վաղ առավոտյան սփյուռքի նախարարը հրավիրել էր լրատվամիջոցների ներկայացուցիչներին ճանաչողական կարճ ճեպազրույցի։

«Սփյուռքի նախարարությունում կլինեն կադրային փոփոխություններ, սակայն դրանց իրականացման կոնկրետ ժամկետները դեռ չեմ կարող նշել», – ասաց Հայրապետյանը։

Նախարարի խոսքով, Հայաստանում իրականացված իշխանափոխության հիմքում դրված էր երկրի ղեկավար մարմիններում թարմացման գաղափարը, և Սփյուռքի նախարարությունը բացառություն չէ։

«Սկզբում ինձ հարկավոր է ծանոթանալ տեղակալների, աշխատակիցների, ինչպես նաև նախարարության աշխատակազմի ղեկավարի հետ, իսկ հետագայում մենք համատեղ կընդունենք բոլոր անհրաժեշտ որոշումները, այդ թվում` կադրային քաղաքականության վերաբերյալ», – պարզաբանեց Հայրապետյանը։

Նախարարը նաև նշեց, որ փոփոխությունները չեն կրի կադրային «զտման» բնույթ, բոլոր որոշումները կընդունվեն` հաշվի առնելով արդյունավետության օբյեկտիվ չափորոշիչները, իսկ նրա գլխավոր խնդիրն է համատեղել փորձն ու երիտասարդ լինելը։

«Հապճեպ որոշումներ չեն ընդունվի, ես տրամադրված են դրական աշխատել ներկա թիմի հետ և վստահ եմ, որ մեզ կհաջողվի լուծել մեր առջև ծառացած բոլոր խնդիրները», – հայտարարեց Հայրապետյանը։

Նա նաև մեկնաբանեց շրջանառվող խոսակցություններն այն մասին, որ իրեն, որպես Փաշինյանի կառավարության ամենաերիտասարդ նախարարի, դժվար կլինի արդյունավետ իրականացրել իր վրա դրված լիազորությունները։

«Մտավախություններ կարող են լինել, և դրանք հիմնավոր են, սակայն կարող եմ միայն ասել, որ ամենօրյա աշխատանքն` առավոտից մինչև ուշ գիշեր, կտա իր տեսանելի արդյունքները և կարող է ցրել այդ կասկածները», – ասաց Հայրապետյանը։

Նախարարը նաև հայտարարեց, որ նա և այն թիմը, որի ներկայացուցիչն է նա, կարող է արմատախիլ անել կոռուպցիան և լուծել Հայաստանի բոլոր կենսական խնդիրները։

«Կարծում եմ, որ ՀՀԿ–ի իշխանության օրոք չի եղել ոչ մի ոլորտ, որտեղ չի եղել կոռուպցիա։ Սակայն ես վստահ եմ, որ մենք կկարողանանք հաղթահարել այդ խնդիրը», – հայտարարեց նա։

Մխիթար Հայրապետյանը ՀՀ կառավարության ամենաերիտասարդ նախարարն է, նա 27 տարեկան է։ Ավարտել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետը։ Զբաղվել է Արևմտյան Հայաստան տուրիստական ճամփորդությունների կազմակերպմամբ։ Հայրապետյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, որի առաջնորդն է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կուսակցությունում պատասխանատու է եղել սփյուռքի հետ կապերի համար։–0–