Սերժ Սարգսյանի եղբորը մեղադրանք է առաջադրվել. ԱԱԾ
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը` Ալեքսանդր Սարգսյանին, մեղադրանք է առաջադրվել, այդ մասին «Նովոստի-Արմենիա» գործակալության հետ զրույցում հայտնեց Ազգային անվտանգության ծառայության մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանը:
Ըստ նրա, մեղադրանքն առաջադրվել է ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակում ՀՀ Քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1 կետի համաձայն (Խարդախություն հատկապես մեծ չափերով):
2018-ի հուլիսի 4-ին Ազգային անվտանգության ծառայությունը շուրջ 9 ժամ խուզարկել էրԵրևանի Թումանյան 11 հասցեում գտնվող Սարգսյանների բնակարանը, ինչից հետո Ալեքսանդր Սարգսյանը, բերման էր ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ): Դրանից հետո ԱԱԾ տարածած հաղորդագրությունում նշվեց, որ Ալեքսանդր Սարգսյանը հարցաքննվել է որդու՝ Նարեկ Սարգսյանի կողմից Մարտիրոս Սարյանի 14 գծանկարների հափշտակության մասին մեղադրանքների առնչությամբ:
Ազգային անվտանգության ծառայությունը Նարեկ Սարգսյանի պատկանող տարածքներում և նրա հոր բնակարանում խուզարկությամբ հայտնաբերել էր գումար, թմրանյութ և Մարտիրոս Սարյանի նկարներ, որոնք, ըստ ԱԱԾ հաղորդագրության, Նարեկ Սարգսյանը ստացել է Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի վստահությունը չարաշահելով
Ալեքսանդր Սարգսյանի փաստաբան չի մեկնաբանել այն տեղեկությունը, թե Ալեքսանդր Սարգսյանը 18,5 միլիոն դոլար է փոխանցել պետբյուջե։ Civilnet-ն էր վարչապետի աշխատակազմին վկայակոչելով՝ այսօր հայտնել այս մասին։
2018թ.–ի աշնանը Նիկոլ Փաշինյանը, ով այդ ժամանակ զբաղեցնում էր ՀՀ վարչապետի պաշտոնակատարի պաշտոնը, նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրն` Ալեքսանդր Սարգսյանը, համաձայնվել է Հայաստանի պետբյուջե վերադարձնել 30 մլն դոլար։ Փաշինյանը հայտարարել է, որ «դրանք այն գումարներն են, որոնք Ալեքսանդր Սարգսյանն ավելի վաղ հավաքում էր բիզնեսից, ինչը համար էլ ստացել էր «Սաշիկ 50%» կեղծանունը։-0-