Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-4

«Փողոցային դեմոկրատիայի կանոններն անընդունելի են մեծ քաղաքականությունում». Բելառուսի ԱԳՆ–ն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը

17.11.2018, 17:35
«Ըստ երևույթին, ՀՀ վարչապետի պաշտոնակատարն իրեն միջազգային դատախազի տեղ է դրել, ով իրավասու է պատժել կամ ներում շնորհել», – հայտարարել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղարը։
«Փողոցային դեմոկրատիայի կանոններն անընդունելի են մեծ քաղաքականությունում». Բելառուսի ԱԳՆ–ն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Բելառուսի ԱԳՆ–ի տեղեկատվության և թվային դիվանագիտության վարչության պետ–մամուլի քարտուղար Ա. Գլազն այսօր մեկնաբանել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի` նախօրեին արված հայտարարությունը։ 

Նախօրեին Փաշինյանը մեկնաբանել է նոյեմբերի 12–ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Բելառուսում Ադրբեջանի դեսպան Լատիֆ Գանդիլովի հանդիպումը, որի ընթացքում Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցին։

Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել է, որ «զարմացած է, որ 30 տարի կամ չգիտեմ քանի տարի պետության ղեկավարի կարգավիճակում եղած մարդը կարող է իրեն այդպիսի քայլ թույլ տալ»։ ՀՀ վարչապետի պաշտոնատակարը նաև տեղեկացրել է, որ պիտի պարզաբանումներ պահանջի «Բելառուսի նախագահից և ոչ միայն Բելառուսի նախագահից»։ 

«Ըստ երևույթին, Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն իրեն միջազգային դատախազի տեղ է դրել, ով իրավասու է պատժել կամ ներում շնորհել», – նշվում է Գլազի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Բելառուսի արտգործնախարարության կայքում։ 

Նա նաև նշել է, որ հավանաբար դա կարող էր ընդունելի լինել ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարի` ՀՀ քաղաքացի Յուրի Խաչատուրովի դեպքում։

«Սակայն միջպետական հարաբերություններում գոյություն ունեն արարողակարգի և էթիկետի միանգամայն հստակ նորմեր։ Միգուցե, պարոն Փաշինյանը դեռ չի հասկացել, որ այսպես կոչված փողոցային ժողովրդավարության կանոններն անընդունելի են մեծ քաղաքականության մեջ։ Ափսոս։ Հույս ունենք, որ ժամանակի ընթացքում դա կանցնի», – ավելացրել է Բելառուսի ԱԳՆ–ի մամուլի քարտուղարը։

Հայաստանի և ՀԱՊԿ երկրների հարաբերություններում լարվածություն առաջացավ այն բանից հետո, երբ Հայաստանը նախաձեռնեց և հոկտեմբերի 30–ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչեց Յուրի Խաչատուրովին` նախօրոք չհամաձայնեցնելով այդ ընթացակարգերը կազմակերրպության մյուս գործընկերների հետ։

ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները Աստանայում նոյեմբերի 8-ին քննարկել են նոր գլխավոր քարտուղարի հարցը: Հիշեցնենք, որ այդ հարցը արդիական է դարձել հոկտեմբերի 30-ին Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին այդ պաշտոնից ազատելուց հետո: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը կորոշվի դեկտեմբերի 6-ին կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ, որը կկայանա Սանկտ Պետերբուրգում, մինչ այդ ժամանակավոր պաշտոնակատար է մնում Ռուսաստանի ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը:–0–