Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-4

Հայության համակարգված աշխատանքի շնորհիվ Ղարաբաղը կդառնա միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ. Սարգսյան

08.05.2015, 11:47
Հայության համակարգված աշխատանքի շնորհիվ Ղարաբաղը կդառնա միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ, ասաց նախագահ Սերժ Սարգսյանը Վաշինգտոնում հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում։
Հայության համակարգված աշխատանքի շնորհիվ Ղարաբաղը կդառնա միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ. Սարգսյան
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /ԱՌԿԱ/.  Հայության համակարգված աշխատանքի շնորհիվ Ղարաբաղը կդառնա միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ, ասաց նախագահ Սերժ Սարգսյանը Վաշինգտոնում հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում։

«Ես շատ ուրախ եմ, որ Արցախի պետականաշինության գործին արդեն սատարել են ԱՄՆ հինգ նահանգներ, և սա ամբողջովին ձեր աշխատանքի արդյունքն է: Շնորհակալ եմ ձեզ դրա համար: Անկախ որևէ հանգամանքից՝ վստահ եմ, որ մեր համակարգված աշխատանքի շնորհիվ մենք կկարողանանք Արցախը դարձնել միջազգային իրավունքի և հարաբերությունների լիարժեք սուբյեկտ: Այն արդեն կայացած պետություն է՝ իր ինստիտուտներով, ժողովրդավարական ընտրությունների փորձով, և դա անդառնալի գործընթաց է»,– նախագահի խոսքն է մեջբերում նրա մամուլի ծառայությունը։

Սարգսյանը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը շարունակում է լինել Հայաստանի ամենաառաջնային հարցերից մեկը:

«Հայաստանի դիրքորոշումը եղել և մնում է միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա խնդրի խաղաղ կարգավորումը՝ համահունչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և համանախագահող երկրների դիրքորոշմանը»,– ասել է նա։

Պետության ղեկավարը միաժամանակ ընդգծել է, որ Արցախը կայացած պետություն է իր ինստիտուտներով, ժողովրդավարական ընտրությունների փորձով, «և այդ գործընթացն անդառնալի է»։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Հանրաքվեին հաջորդեցին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական լայնածավալ գործողությունները, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն ընդհանուր առմամբ շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-