Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-3

Շարմազանովը ներկայացրել է ՀՀԿ–ի դիրքորոշումը Փաշինյանի կառավարության ծրագրի մասին

06.06.2018, 10:55
ՀՀԿ–ն քննարկել է իր դիրքորոշումը ՀՀ նոր կառավարության ծրագրի վերաբերյալ:
Շարմազանովը ներկայացրել է ՀՀԿ–ի դիրքորոշումը Փաշինյանի կառավարության ծրագրի մասին
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի./ԱՌԿԱ/. ՀՀԿ–ն քննարկել է իր դիրքորոշումը ՀՀ նոր կառավարության ծրագրի վերաբերյալ, հայտարարել է ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո։

«Հանրապետական խմբակցությունը չի խոչընդոտի կառավարության ծրագրի ընդունմանը։ Մենք հնարավորություն կտանք, որպեսզի այդ ծրագիրն ընդունվի, անհրաժեշտ ձայներ կապահովվեն։ Արհեստական խոչընդոտներ չենք հարուցի Փաշինյանի կառավարությանն ու նրա ծրագրին, և հնարավորություն կտանք, որպեսզի ԱԺ–ն ընդունի այն», – ասաց նա։

Շարմազանովն անդրադարձել է նաև կառավարության ծրագրի բովանդակությանը։ 

«Մենք կարծում ենք, որ այն բավականին լայն երազանքների, ցանկությունների, բաժակաճառերի ժողովածու է, ոչ թե արհեստավարժ կառավարության ծրագիր», – նշեց նա։

Փոխխոսնակի խոսքով, փաստաթղթում չկան ոչ միայն թվեր, այլ նույնիսկ այն, թե ինչպես պետք է իրականացվեն տարբեր ոլորտներում ծրագրերը։ Այս կապակցությամբ նա ավելացրեց, որ թվերը կարևոր են, որպեսզի հասարակությունը հասկանա, թե զարգացման ինչ տեմպեր պետք է ապահովի կառավարությունը։

«Չմոռանանք, որ վարչապետ Փաշինյանը խոսում էր թռիչքային զարգացման մասին: Դա, իմ պատկերացմամբ, առնվազն երկնիշ տնտեսական աճի տեմպերի ապահովումն է: Ո՞ւր են թվերը՝ չկան», – ասաց նա։

«Սա ցանկությունների ծրագիր է։ Այս իմաստով, մենք հնարավորություն կտանք (ծրագիրը հաստատելու, խմբգր.) առանց խոչընդոտելու, սակայն մեր հիմնական թիմը, կարծում եմ, կքվեարկի դեմ։ Ինչու՞, որովհետո մենք այս կառավարության ներկայացրած փաստաթղթում չենք տեսնում քաղաքական ծրագիր, չկա ռազմավարություն, կան միայն ցանկություններ», – ասաց նա։

Այս կապակցությամբ Շարմազանովն ընդգծեց, որ ՀՀԿ–ն քաղաքական ընդդիմություն է և ներկայացնում է իր դիրքորոշումը այս կառավարության գործունեության վերաբերյալ։

«Մենք արհեստականորեն չենք խոչընդոտի կառավարության գործունեությանը, սակայն միաժամանակ քաղաքական պատասխանատվություն չենք կրում Փաշինյանի կառավարության համար», – ասաց նա։–0–