Հայաստանը պատրաստվում է ներկայացնել Կապույտ Մզկիթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանը պատրաստել է դիմում` Երևանի Կապույտ Մզկիթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներկայացնելու համար, այդ մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է իրանական IRNA գործակալության հետ զրույցում:
«Ներկայումս իրանական կողմի հետ համատեղ աշխատանքներ են իրականացվում և որոշ շտկումներից հետո, այն պատշաճ կերպով կներկայացվի», - ասել է նա:
Մշակույթի ոլորտում համագործակցությունը նա, ընդհանուր առմամբ, կարևոր ուղություն է համարել հայ-իրանական հարաբերություներում:
«Երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ուշադրության կենտրոնում են այնպիսի հարցեր, ինչպիսին են գրահրատարակչություն, կինոարտադրություն, վերականգնում և պատմամշակութային հուշարձանների պահպանում, թանգարանային և գրադարանային գործը: Մենք համագործակցում ենք նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակում: Ինչպես գիտեք, Իրանի ջանքերի շնորհիվ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում են գրանցվել Սուրբ Թադեոս և Սուրբ Ստեփանոս վանական համալիրները», - նշել է նա:
Ըստ նրա, կարևոր մշակութային իրադարձություն էր Իրանի ազգային թանգարանում կայացած «Հայաստան և Իրան. Հողի հիշողությունը» ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվեցին Հայաստանի պատմության թանգարանի բացառիկ ցուցանմուշներ»
Նա հավելել է, որ Հայաստանում տեղի է ունենում «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը և ուրախությամբ նշել, որ փառատոնին, որպես կանոն, ակտիվ կերպով ներկայացված են իրանցի ռեժիսորների ՝ Աբբաս Քիառոստամիի, Ասղար Ֆարհադի և այլոց ֆիլմերը:
«Ի դեպ, վերջինս նախագահել է նաև Ոսկե Ծիրանի 15-րդ փառատոնի մրցանակաբաշխության հանձնաժողով, իսկ նրա «Նադերի և Սիմինի ամուսնալուծություն» ֆիլմը հաղթող է ճանաչվել փառատոնի «Միջազգային խաղարկային ֆիլմեր» անվանակարգում», - հավելել է ՀՀ վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը ընդգծել է, որ վերոնշյալ և համանման այլ ծրագրերը լավ հնարավորություն են հայ և իրանցի ժողովուրդների համար միմյանց մշակույթներին ծանոթանալու և հաղորդակից լինելու տեսանկյունից:-0-