Արմեն Սարգսյանը չի պատրաստվում ստորագրել աղմկահարույց օրինագիծը
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Որոշ տեղեկություններով՝ նախագահ Արմեն Սարգսյանը չի պատրաստվում ստորագրել աղմկահարույց օրինագիծը, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Նա նեղ միջավայրում այն «հետքայլ» է անվանել և պատրաստվում է օգտվել օրենքով սահմանված 21 օրվա ժամկետից ու այն ուղարկել ՍԴ, որը կարող է դրա սահմանադրականությունը քննել 3 ամսում։
Այս մտադրության մասին է վկայում նաև նախագահի կայքում հրապարակված տեղեկությունը․ «Նախագահը հեռախոսազրույցներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Արա Բաբլոյանի հետ և քննարկել ստեղծված իրավիճակը․․․ օրենքի նախագծին նա կանդրադառնա Երևան վերադառնալուն պես՝ նախաձեռնելով խորհրդակցություններ կառավարության և ԱԺ ղեկավարության հետ: Նախագահը հորդորում է լինել զուսպ և հանդուրժողական միմյանց հանդեպ և համոզված է, որ ստեղծված իրավիճակը հնարավոր է և պետք է հանգուցալուծել Սահմանադրության և օրենքների շրջանակում՝ բանակցության և երկխոսության ճանապարհով։
Հոկտեմբերի 2–ին, ԱԺ–ի արձակումը թույլ չտվող օրինագծի ընդունումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմամարդ հանրահավաք կազմակերպեց, որի ժամանակ հայտարարեց, որ աշխատանքից ազատում է ԲՀԿ–ական և ՀՅԴ–ական նախարարներին։ Փաշինյանը նաև նշեց, որ նախարարների` աշխատանքից ազատման դիմումների դե–յուրե ուժի մեջ մտնելուց հետո նա հրաժարական կտա։
Ավելի ուշ նա գնաց խորհրդարան` բանակցելու խմբակցությունների ներկայացուցիչների հետ։ Փաշինյանի խոսքով, ձեռք է բերվել բանավոր պայմանավորվածություն այն մասին, որ ԲՀԿ, ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունները վարչապետի թեկնածու չեն առաջադրի, և խորհրդարանը կարձակվի, իսկ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն դեկտեմբերի առաջին կեսից ոչ ուշ։–0–