Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
+5

ԳՇ պետ. Ջերմուկի ուղղությամբ Ադրբեջանի ներթափանցման խորությունը կազմում է 7–8կմ, հակառակորդը մոտ 139 քառակուսի կմ գտնվում է Հայաստանի ինքնիշխան տարածքում

28.04.2023, 11:46
ՀՀ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն այսօր Ջերմուկում Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնային է ներկայացրել 2022թ.–ի սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը
ԳՇ պետ. Ջերմուկի ուղղությամբ Ադրբեջանի ներթափանցման խորությունը կազմում է 7–8կմ, հակառակորդը մոտ 139 քառակուսի կմ գտնվում է Հայաստանի ինքնիշխան տարածքում
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի./ԱՌԿԱ/. ՀՀ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն այսօր Ջերմուկում Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնային է ներկայացրել 2022թ.–ի սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։

«Սեպտեմբերից հետո Ադրբեջանի կողմից Ջերմուկի ուղղությամբ ներթափանցած տարածքը մակերեսով կազմում է 60 ամբողջ 6 հարյուրերրորդական քառակուսի կիլոմետր, ճակատով` մոտ 11կմ, խորությամբ` մոտ 8կմ։ ՀՀ ԶՈւ–ի գնահատմամբ` հակառակորդը նպատակ է հետապնդել դուրս գալ Ջերմուկի քաղաքի վրա ու տնտեսական լուրջ հարվածներ հասցնել Հայաստանին», – ասել է Ասրյանը Ֆրանսիայի ԱԳ նախարարին։

Նա ընդգծել է, որ 2022թ.–ի սեպտեմբերյան գործողությունները ռազմական ագրեսիա էր Հայաստանի Հանրապետության հանդեպ։

«Հակառակորդի գործողությունները եղել են հրթիռային, հրետանային, ռեակտիվ, նաև ԱԹՍ–ների կիրառմամբ հարվածներ են հասցվել ինչպես ռազմական օբյեկտներին, այնպես էլ տնտեսական և քաղաքական օբյեկտներին։ Մեծ վնասներ են հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Նաև զգալի վնասներ է կրել Ջերմուկ քաղաքը, մինչև հիմա ճոպանուղին չի գործում վերանորոգումից հետո», – նշել է ԳՇ պետը։

Նրա խոսքով, հակառակորդի գործողությունները ոչ միայն Ջերմուկի, Վայոց Ձորի ուղղությամբ էին, այլ նաև Սյունիքի մարզում` 2 հիմնական ուղղություններով, Գեղարքունիքի մարզում` 2 ուղղությամբ, ընդհանուր` 5 ուղղություններով։

«ՀՀ ԶՈւ–ն այդ զինված գործողությունների հետևանքով կրել է մարդկային և տարածքային կորուստներ։ Ներկա դրությամբ հակառակորդը մոտ 139 քառակուսի կմ տարածքում գտնվում է Հայաստանի ինքնիշխան տարածքում», – ասել է Ասրյանն` ավելացնելով, որ այս պահին իրադրությունը հարաբերական կայուն է, բայց երբեմն հակառակորդի կողմից արձանագրվում են կրակոցներ այս տարածքում։–0–