Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

Փաշինյանը Պուտինի հետ հարաբերություններ կառուցելու խորհուրդներ է տվել Զելենսկուն

23.04.2019, 21:36
Փաշինյանը խոսել է այն մասին, թե ինչպես Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթած Վլադիմիր Զելենսկին պետք է հարաբերություններ կառուցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Փաշինյանը Պուտինի հետ հարաբերություններ կառուցելու խորհուրդներ է տվել Զելենսկուն

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԲԿ հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթած Վլադիմիր Զելենսկին պետք է հարաբերություններ կառուցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Չեմ կարծում, որ նրան բարդ կլինի (շփվել Պուտինի հետ)։ Այստեղ մի պայման կա. եթե լինես ուղիղ, ազնիվ, առանց նենգ մտքերի, ապա դժվար չի լինի։ Պարզապես պետք է ուղիղ և ազնիվ շփվել», – ասել է նա։

Նրա խոսքով, այս խորհուրդը վերաբերում է ոչ միայն Ռուսաստանի նախագահի հետ շփմանը։ «Կարծում եմ, որ ցանկացած մարդ դա կգնահատի, եթե տեսնում է, որ զրուցակիցը չի փորձում խաբել, խորամանկել, ինչ–որ բան կեղծել։ Կարծում եմ, որ սա շատ–շատ ճիշտ գործելաոճ է բոլոր հարաբերություններում», – ասել է ՀՀ վարչապետն ու ավելացրել. «Միգուցե դիվանագիտության, միջազգային հարցերում դա այնքան էլ ընդունված չէ, սակայն ես բոլորի հետ եմ այդպես շփվում»։ 

Վլադիմիր Զելենսկին հաղթել է Ուկրաինայի նախագահական ընտրություններում։ Ուկրաինայի ԿԸՀ–ի կողմից քվեաթերթիկների 100%–ի մշակումից հետո նրա օգտին է քվեարկել ընտրողների 73,22%–ը, Ուկրաինայի ներկա նախագահ Պյոտոր Պորոշենկոյի օգտին` 24,45%–ը։ Պորոշենկոն ընդունել է սեփական պարտությունն ու հայտարարել, որ մտադիր չէ հեռանալ քաղաքականությունից։

Ընտրությունների օրը երեկոյան Նիկոլ Փաշինյանը Twitter–ի իր էջում ուկրաիներենով շնորհավորել է Զելենսկուն հաղթանակի կապակցությամբ, մաղթել հաջողություններ, ինչպես նաև վստահություն հայտնել, որ նոր նախագահը «կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի Հայաստանի և Ուկրաինայի բարեկամական հարաբերությունները դուրս գան նոր մակարդակի վրա»։–0–