Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-4

Հայաստանը վավերացրել է վարձկանների դեմ պայքարի Միջազգային կոնվենցիան, որը խախտում են Ադրբեջանն ու Թուրքիան

28.10.2020, 01:03
ԱԺ-ում արտահերթ նիստի ժամանակ վավերացվեց «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ պայքարի» միջազգային կոնվենցիան
Հայաստանը վավերացրել է վարձկանների դեմ պայքարի Միջազգային կոնվենցիան, որը խախտում են Ադրբեջանն ու Թուրքիան

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 27–ին ԱԺ-ում արտահերթ նիստի ժամանակ վավերացվեց «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ պայքարի» միջազգային կոնվենցիան:

«Կոնվենցիան ամրագրում է, որ վարձկանների հավաքագրումը, օգտագործումը, ֆինանսավորումն ու ուսուցումը քրեորեն հետապնդելի արարքներ են և առաջացնում են պետությունների ինքնիշխան հավասարության, տարածքային ամբողջականության ու ազգերի ինքնորոշման սկզբունքների խախտում: Այն ստորագրվել է 1989թ.-ից, այժմ ուժի մեջ է 36 պետությունների համար»,- հայտնել է Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը:

Նրա խոսքով, այս կոնվենցիայով պետությունները պարտավորվում են անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման հետապնդման և կանխարգելման համար: Փոխնախարարի խոսքով` կոնվենցիայի կետերով կարելի է պատասխանատվության ենթարկել նաև Թուրքիային և Ադրբեջանին` Արցախի դեմ պատերազմում վարձկանների կիրառման համար:

«Կոնվենցիային միանալով, 5-րդ հոդվածի 2-րդ կետը կարող է օգտագործվել 1997թ. այս կոնվենցիայի կողմ հանդիսացող Ադրբեջանի դեմ` սույն թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմում օտարերկրյա ահաբեկիչ մարտիկների, որպես վարձկանների օգտագործման առնչությամբ: Կոնվենցիան կարելի է օգտագործել նաև Թուրքիայի նկատմամբ, որը թեև չի վավերացրել այս կոնվենցիան, սակայն հանդիսանում է հանցակից կողմ, որը մասնակցություն ունի վարձկաններին ֆինանսավորելու, հավաքագրելու, ուսուցանելու ու Ադրբեջան ուղարկելու հարցում»,- նշել է Գրիգորյանը։

«Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիան վավերացվեց միաձայն` 71 «կողմ» ձայնով:-0-