Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-9

Հայաստանը դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը. ԱԳՆ

10.10.2019, 12:24
Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է Սիրիայի հյուսիս–արևելքում «Խաղաղության ակունք» ռազմական օպերացիա սկսելու մասին, որն ուղղված է Քրդստանի աշխատավորական կուսակցության և «Իսլամական պետության» դեմ։
Հայաստանը դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանը դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը, որը կհանգեցնի տարածաշրջանային անվտանգության հետագա վատթարացման, քաղաքացիական բնակչության շրջանում մարդկային կորուստների, տեղահանվածների մեծ հոսքի և ի վերջո մարդասիրական նոր ճգնաժամի։ Այս մասին նշվում է ՀՀ ԱԳՆ–ի տարածած հաղորդագրության մեջ։ 

Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է Սիրիայի հյուսիս–արևելքում «Խաղաղության ակունք» ռազմական օպերացիա սկսելու մասին, որն ուղղված է Քրդստանի աշխատավորական կուսակցության և «Իսլամական պետության» դեմ։ Այս պահին թուրքերը գնդակոծում են Թել Աբյադ քաղաքը, որտեղ 16 հայ ընտանիք կա: Բացի այդ, Կամիշլին, որտեղ նույնպես մեծաթիվ հայեր կան, կրակի տակ է։ 

«Հատկապես մտահոգիչ իրավիճակ է ստեղծվում ազգային և կրոնական փոքրամասնությունների համար: Այս ռազմական ներխուժումը ստեղծում է նաև ինքնության հիմքով մարդու իրավունքների ծանր և զանգվածային խախտումների անմիջական վտանգ», – նշվում է ԱԳՆ–ի հայտարարության մեջ։ 

ԱԳՆ–ից նաև ընդգծում են, որ Հայաստանը կոչ է անում գործադրել գործուն միջազգային ջանքեր այս ռազմական ներխուժումը դադարեցնելու, զանգվածային վայրագությունները կանխելու և Թուրքիային սահմանակից Սիրիայի բնակչությանը պաշտպանելու ուղղությամբ։ 

«Հայաստանն աջակցում է Սիրիայի միասնությանը և ինքնիշխանությանը և կոչ է անում զերծ մնալ Սիրիայի և նրա ժողովրդի դեմ ռազմական ոտնձգություններից: Հայաստանը կշարունակի տեղում մարդասիրական օգնություն ցուցաբերել բարեկամ Սիրիայի ժողովրդին», – նշել են ՀՀ ԱԳՆ–ից։ 

Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունները չափազանց լարված էին 1980–1990թթ–ին, քանի որ Անկարան մեղադրում էր Դամասկոսին Քրդստանի աշխատավորական կուսակցությանն աջակցելու համար։ 1998թ.–ի հոկտեմբերին երկու երկրների հարաբերություններում ճգնաժամ սկսվեց, և Թուրքիան 45 օր ժամկետ տվեց Սիրիային, որի ընթացքում երկիրը պետք է ամբողջովին հրաժարվեր Քրդստանի աշխատավորական կուսակցությանն աջակցելուց։ Նույն թվականին Սիրիայի իշխանությունները երկրից վտարեցին Քրդստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլա Օջալանին, ինչից հետո պետությունների միջև հարաբերությունները սկսեցին կարգավորվել։ 1998թ.–ի հոկտեմբերի 20–ին ԱԳՆ–ի և ՆԳՆ–ի ղեկավարների ներկայացուցիչների բանակցություններն ավարտվեցին Ադանայում համատեղ արձանագրության և անվտանգության հարցերով համաձայնագրի ստորագրմամբ։–0–