Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-7

Հայաստանն ու ևս երկու երկիր պահանջել են քվեարկության հանել Թուրքիայի ներկայացուցչին ՄԱԿ–ի ԳԱ նախագահի պաշտոնում

05.06.2020, 16:57
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը մեկնաբանել է ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի 75–րդ նստաշրջանի նախագահի պաշտոնում Թուրքիայի ներկայացուցչին առաջադրելու հետ կապված իրավիճակը
Հայաստանն ու ևս երկու երկիր պահանջել են քվեարկության հանել Թուրքիայի ներկայացուցչին ՄԱԿ–ի ԳԱ նախագահի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը մեկնաբանել է ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի 75–րդ նստաշրջանի նախագահի պաշտոնում Թուրքիայի ներկայացուցչին առաջադրելու հետ կապված իրավիճակը։ 

«Համաձայն ՄԱԿ-ում աշխարհագրական ռոտացիայի վերաբերյալ սահմանված սկզբունքի՝ ՄԱԿ Գլխավոր ասամբեայի 75-րդ նստաշրջանի նախագահը պետք է ընտրվի Արևմտաեվրոպական երկրների խմբից: Նախագահի նախնականորեն հաստատված միակ թեկնածուն Թուրքիայի ներկայացուցիչ Վոլքան Բոզքիրն է» ,– նշել է նա։

Նաղդալյանի խոսքով, Հայաստանը, Հունաստանը և Կիպրոսը, խախտելով լռության ընթացակարգը, նամակներով դիմել են ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի նախագահ Թիջանի Մուհամմեդ-Բանդեին՝ պահանջելով քվեարկություն:

«Ցանկանում եմ ընդգծել, որ նույնիսկ մեկ երկրի պահանջով քվեարկությունը պարտավոր է իրականանալ», – պարզաբանել է նա։ 

ԱԳՆ մամուլի քարտուղարը նաև նշել է, որ եթե չի սխալվում, սա ՄԱԿ-ի պատմոթյան ընթացքում Գլխավոր ասամբլեայի նախագահի ընտրություններում գրանցված առաջին դեպքն է, երբ միակ թեկնածուի ընտրության հարցը դրվում է քվեարկության:

Նաղդալյանը տեղեկացրել է, որ մտահոգություն հայտնել է ոչ միայն հայկական կողմը, այլև մեր մի շարք միջազգային գործընկերներ:

«Լռության ընթացակարգի խախտման վերաբերյալ նամակով հանդես են եկել Հայաստանը, Կիպրոսը և Հունաստանը, ավելին՝ Հայաստանի և Կիպրոսի կողմից ներկայացվել է համատեղ նամակ: Վերջինում, մասնավորապես, նշվել է, որ «Թուրքիան սպառնում է ամբողջ տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը՝ տարածաշրջանային գերակայության հասնելու համար շարունակաբար խախտելով ՄԱԿ կանոնադրությունը և միջազգային իրավունքի նորմերը, այդ թվում՝ ՄԱԿ պատժամիջոցների ռեժիմները»», – ասել է նա։

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարն ավելացրել է, որ հայկական կողմը բարձրաձայնել է Թուրքիայի՝ Հայաստանի նկատմամբ երեք տասնամյակ իրականացվող շրջափակման, Հայոց ցեղասպանության շարունակական ժխտման և անգամ արդարացման քաղաքականության մասին: 

«Համատեղ նամակում Հայաստանը և Կիպրոսն ընդգծել են, որ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնը պետք է ստանձնի այնպիսի երկրի ներկայացուցիչ, որի գործողությունները և վարած քաղաքականությունը համահունչ են ՄԱԿ նորմերին և հռչակած արժեքներին: Ակնհայտ է, որ Թուրքիան լավագույն պետությունը չէ, որը կարող է բավարարել նշված չափանիշներին», – եզրափակել է Նաղդալյանը։–0–