Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ են անում խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը

20.03.2020, 14:15
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ են անում խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ են անում խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի./ԱՌԿԱ/. Արցախյան հակամարտության խնդրի խաղաղ լուծման գործընթացը գլխավորող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախօրեին կոչով դիմել են հակամարտության կողմերին:

«Հաշվի առնելով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ՝ Անջեյ Կապրշիկի կողմից դիտարկման դադարեցումը, COVID-19-ի տարածման հետևանքով առաջացած իրադրությամբ պայմանավորված, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդյու Շոֆերը (ԱՄՆ) կոչ են անում կողմերին հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմը խստորեն պահպանելու իրենց հանձնառությունը և զերծ մնալ ցանկացած սադրիչ գործողություններից, որոնք կարող են տվյալ ժամանակահատվածում սրել իրավիճակը»,- նշվում է հայտարարության մեջ, որը հրապարակվել է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքում:

Համաձայն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի նախօրեին տարածած հայտարարության, ԵԱՀԿ առաքելությունը դադարեցնում է շփման գծում դիտարկումը կորոնավիրուսի հետ կապված իրավիճակով պայմանավորված: 

«Հաշվի առնելով, որ տարածաշրջանի բժշկական ռեսուրսները պետք է ուղղվեն բացառապես վիրուսի տարածման պայքարին և տուժածների բուժմանը, համանախագահները կոչ են անում կողմերին գերագույն զսպվածություն դրսևորել՝ էսկալացիայի ռիսկերից խուսափելու համար, ներառյալ`առավելագույնս օգտագործելով առկա ուղղակի հաղորդակցության ուղիները»,- նշվում է միջնորդների հայտարարության մեջ: 

Չնայած միջազգային ճանապարհորդոությունների խիստ սահմանափակումներին, համանախագահները կշարունակեն իրենց միջնորդական ջանքերը առանց ընդհատումների՝ մնալով սերտ կապի մեջ միմյանց և կողմերի հետ:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։

Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ` հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։ -0-