ԱԺ–ի շենքն ամբողջությամբ շրջափակվել է ընդդիմության կողմից (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները փակել են Դեմիրճյան փողոցը, որտեղ տեղադրել են վրաններ։ Վրաններ են տեղադրված նաև Բաղրամյան պողոտայում։
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց, որ ցուցարարներն արգելափակելու են նաև այլ պետական ինստիտուտները։
«Մենք պետք է շրջափակենք և դադարեցնենք այն բոլոր պետական ինստիտուտների գործունեությունը, որոնք իրականացնում են հակաազգային, հակապետական և հակասահմանադրական գործունեություն,», – հայտարարեց նա։
Սաղաթեյանը նշեց, որ նրանք փակում են Բաղրամյան պողոտան և Դեմիրճյանի փողոցն ու մտադիր են թույլ չտալ, որպեսզի խորհրդարանը շարունակի աշխատել, քանի որ, ցուցարարների կարծիքով, խորհրդարանի աշխատանքը հակասահմանադրական է, հակապետական և հակաազգային։
«Մենք կարծում ենք, որ չունենք նախագահ և նախագահական ինստիտուտ։ Մենք ունեինք ակնկալիքներ, մենք ծափահարություններով գնում էինք դեպի նախագահի նստավայր, ողջունում էինք, քանի որ նա կատարել էր առաջին քայլը, երբ վեադարձրել էր (ԳՇ պետի պաշտոնանկության որոշման նախագիծը, խմբգր.)։ Այսօր մեզ համար անհասկանալի պատճառներով նա դա չարեց (չդիմեց սահմանադրական դատարան, խմբգր.)։ Այդ պատճառով նա ևս կրում է պատասխանատվություն ստեղծված լարվածության համար», – ասաց նա։–0–