Թրամփը պայմանավորվել է Coca-Cola–ի հետ ԱՄՆ–ում ըմպելիքի բաղադրատոմսը փոխելու շուրջ
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի․/ԱՌԿԱ/․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնության է եկել Coca-Cola ընկերության հետ ԱՄՆ-ի տարածքում գազավորված ըմպելիքի բաղադրատոմսը փոխելու և դրա արտադրության մեջ եգիպտացորենի օշարակի փոխարեն բնական շաքարեղեգի շաքարի պարտադիր օգտագործման շուրջ։
«Ես բանակցություններ եմ վարել Coca-Cola-ի հետ՝ Միացյալ Նահանգներում Coca-Cola-ում իրական շաքարեղեգի շաքար օգտագործելու շուրջ, և նրանք համաձայնության են եկել։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր ղեկավարում են Coca-Cola-ն, սա շատ լավ որոշում է նրանց կողմից։ Կտեսնեք, այսպես ավելի լավ կլինի», - գրել է Թրամփը Truth Social-ում, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
Մինչև 1980-ականները Միացյալ Նահանգներում Coca-Cola-ի արտադրության մեջ որպես հիմնական քաղցրացուցիչ օգտագործվել է բնական շաքարեղեգի շաքարը, սակայն հետագայում այն փոխարինվել է ավելի էժան, բարձր ֆրուկտոզային եգիպտացորենի օշարակով։ Այլ երկրներում Coca-Cola-ի արտադրության մեջ օգտագործվում են շաքար և կարամելային կոլեր։ Այժմ ակնկալվում է, որ ԱՄՆ-ում կվերադառնան ըմպելիքի ավելի օրիգինալ բաղադրատոմսին։