Ucom–ը դեռ կոնկրետ քննարկումներ չի վարում Հայաստանում 5G տեխնոլոգիայի ներդրման վերաբերյալ. գլխավոր տնօրեն
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Ucom հայկական հեռահաղորդակցական ընկերությունը դեռ կոնկրետ քննարկումներ չի վարում Հայաստանում 5G տեխնոլոգիայի ներդրման վերաբերյալ:
Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ucom–ի գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։
«Այս պահին մենք կոնկրետ քննարկումներ չենք վարում Հայաստանում 5G տեխնոլոգիայի ներդրման վերաբերյալ: Բայց միանշանակ է այն փաստը, որ Ucom-ը ներգրավելու և ներդնելու է այն բոլոր տեխնոլոգիաները, որոնք հասանելի կլինեն աշխարհում: Մեր նպատակն է այնպես անել, որ մեր նորարարության և լուծումների շնորհիվ տարածաշրջանում միտումներ թելադրենք», – ասել է Խաչատրյանը:
Նրա խոսքով, այսօր դեռ վաղ է խոսել 5G-ի ներդրման մասին, քանի որ ամբողջ աշխարհում փորձարկման փուլերը դեռ չեն ավարտվել։
Ինչպես կարծում է գլխավոր տնօրենը, այս պահին Հայաստանի ենթակառուցվածքը նույնիսկ չի կարողանա լիարժեք օգտագործել այն բոլոր առավելությունները, որոնք տրամադրում է 5G տեխնոլոգիան՝ արհեստական բանականություն, մեքենայական ուսուցում, ռոբոտաշինություն և արդյունաբերություն 4.0-ի արտադրանք:
«Մենք ունենք որոշակի պրոդուկտներ, ընկերություններ, արդյունաբերական զարգացում, բայց նոր տեխնոլոգիաները չեն տա իրենցից սպասվող հսկայական արդյունքը: Ավելին, այս ոլորտում դեռ շատ հարցեր կան. արդյո՞ք Հայաստանին անհրաժեշտ է այդպիսի տեխնոլոգիա, որքանո՞վ են արդարացված դրա ներդրման ծախսերը, որքա՞ն համախմբված կլինի շուկան, որպեսզի ընկերությունները կարողանան սպասարկել հաճախորդներին: Այս պահին պարզ չէ ոչ միայն տեխնոլոգիան, այլև դրա գինը, ինչպես նաև այն, թե, արդյոք, բաժանորդները կկարողանա՞ն զգալ այդ տեխնոլոգիայի առավելությունները», – ասել է Խաչատրյանը։
Նրա խոսքով, այս պահին պարզ չէ ոչ միայն տեխնոլոգիան, այլև դրա գինը, ինչպես նաև այն, թե, արդյոք, բաժանորդները կկարողանա՞ն զգալ այդ տեխնոլոգիայի առավելությունները:
Նա նշել է, որ այդ պատճառով, ընկերությունը հիմա դիտարկում է ցանցի արդիականացման հնարավորությունը` հաճախորդներին ամբողջ ծավալով որակյալ ծառայություններ տրամադրելու համար:
«Արդեն քննարկում ենք նոր սարքավորումներ գնելու և ներդնելու հնարավորությունը` համակարգերը արդիականացնելու համար: Որոշ ասպեկտներ արդեն համաձայնեցվել են, որոշները ընթացքի մեջ են, ինչի արդյունքում բաժանորդները կկարողանան օգտվել ավելի արագ ինտերնետից և ավելի որակյալ կապից: Արդեն հիմա կարելի է պնդել, որ առաջիկա շաբաթներին բաժանորդները կստանան ավելի որակյալ ծառայություններ, և դա շարունակական բնույթ կկրի», – ասել է Խաչատրյանը։
Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանի` «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցի ամբողջական տարբերակը կարող եք կարդալ հետևյալ հղմամբ։
Ucom հայկական ընկերությունը (Universal Communications) հիմնադրվել է 2007թ.–ին։ Ucom–ը, լինելով Հայաստանի հեռահաղորդակցական շուկայի առաջատարներից մեկը, տրամադրում է հեռահաղորդակցական ծառայությունների ամբողջ շրջանակը` գերարագ սիմետրիկ ինտերնետ, IP հեռուստատեսություն, թվային հեռախոսակապ։–0–