Рейтинг@Mail.ru
USD
381.46
EUR
449.97
RUB
4.8446
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 24, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Ջութակից մինչև տնօրենների խորհուրդ. Ինչու է «Ամարյան» հիմնադրամը ներդրումներ կատարում մշակութային կրթության մեջ

Այսօր, 11:44
«Ամարյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը «Նովոստի-Արմենիա»-ին տված հարցազրույցում պատմել է մարդկային կապիտալի զարգացման գործում մշակույթի դերի մասին
Ջութակից մինչև տնօրենների խորհուրդ. Ինչու է «Ամարյան» հիմնադրամը ներդրումներ կատարում մշակութային կրթության մեջ

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Ինչո՞ւ մշակութային կրթությունը շքեղություն չէ, այլ ռազմավարական ներդրում երկրի ապագայում: Ինչպե՞ս են արվեստի միջոցով ձևավորված կարգապահությունն ու թիմային աշխատանքը դառնում հաջողության հիմք բիզնեսում, տեխնոլոգիաների ոլորտում և պետական ծառայության մեջ: Balchug Capital ընկերության Միաձուլումների և Ձեռքբերումների ղեկավար, «Ամարյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը «Նովոստի-Արմենիա»-ին տված հարցազրույցում պատմել է մարդկային կապիտալի զարգացման գործում մշակույթի դերի, հիմնադրամի առաքելության և այն մասին, թե ինչու Կարլ Ֆլեշի «Ջութակ նվագելու արվեստը» աշխատության հայերեն թարգմանությունը դարձավ տասնամյակների համար նախատեսված ներդրում:

-Ըստ ձեզ՝ ո՞րն է մշակույթի դերը հասարակության մեջ: Ինչո՞ւ է մշակութային կրթությունը կարևոր երկարաժամկետ հեռանկարում:

-Ես կարծում եմ, որ մշակույթը առանցքային դեր է խաղում մարդկային կապիտալի և հասարակության զարգացման մեջ։ Մշակութային կրթությունը շատ մեծ նշանակություն ունի, հատկապես երկարաժամկետ հեռանկարում, քանի որ այն ձևավորում է մարդու էմոցիոնալ ինտելեկտը։ Այն ընդլայնում է մտահորիզոնը և ձևավորում բազմակողմանի զարգացած, ճկուն անհատականություններ։ Երիտասարդությանն արվեստին հաղորդակից դարձնելով՝ մենք նրանց օժտում ենք այնպիսի փափուկ հմտություններով, ինչպիսիք են կարգապահությունը, նրբություններն ըմբռնելու կարողությունը և թիմում աշխատելու ունակությունը։ Այս հմտությունները ցանկացած ոլորտում՝ բիզնեսում, տեխնոլոգիաներում կամ պետական ծառայության մեջ, նույնքան կարևոր են, որքան տեխնիկական գիտելիքները։

-Ի՞նչն է դրդել «Ամարյան» հիմնադրամին դառնալ Կարլ Ֆլեշի «Ջութակ նվագելու արվեստը» աշխատության հայերեն թարգմանության և հրատարակման դոնորը։

-Այս հարցին պատասխանելու համար թույլ տվեք նախ ներկայացնել Հիմնադրամի ստեղծման պատմությունը։ «Ամարյան» բարեգործական հիմնադրամը հիմնադրվել է 2023 թվականի հոկտեմբերին՝ եղբայրներ և հաջողակ գործարարներ Դավիթ և Վարդան Ամարյանների կողմից։ Դավիթը Balchug Capital-ի հիմնադիրն ու գործադիր տնօրենն է, իսկ Վարդանը՝ Apricot Capital ներդրումային ընկերության հիմնադիրը։ Եղբայրները երկար տարիներ աջակցել են տարբեր բարեգործական նախաձեռնությունների, սակայն 2023-ին որոշեցին այդ աջակցությունը դարձնել ինստիտուցիոնալ՝ «Ամարյան» բարեգործական հիմնադրամի ներքո։

Մեր առաքելությունն է թողնել տևական ու դրական ազդեցություն Հայաստանում՝ աջակցելով նախաձեռնությունների, որոնք օգուտ են բերում շահառուների լայն շրջանակի։ Մեր ուշադրության կենտրոնում են կրթությունը, մշակույթը, սպորտը և երիտասարդության զարգացումը։

Եթե նայեք մինչ այժմ մեր կողմից աջակություն ստացած նախագծերին, թեև դրանք բավականին տարբեր են, բոլորն ունեն մեկ ընդհանուր բնութագիր՝ տևական ազդեցություն։ Մենք նպատակ ունենք աջակցել ոչ թե մեկանգամյա նախագծերի, այլ այնպիսի նախաձեռնությունների, որոնք ստեղծում են կայուն և ժամանակի ընթացքում աճող օգուտ։

Այս ուսումնական մեթոդի հայերեն հրատարակությունը և դրա անվճար տարածումը Հայաստանի երաժշտական դպրոցներում և կոնսերվատորիաներում մի նախագիծ է, որը լիովին համապատասխանում է մեր չափանիշներին։ Սա ներդրում է, որը ծառայելու է Հայաստանի երաժշտական համայնքին գալիք տասնամյակների ընթացքում։ Ավելին, սա նաև ազդանշան է միջազգային հանրությանը, որ Հայաստանը ակտիվորեն ներդրում է կատարում այստեղ համաշխարհային մակարդակի ջութակի կրթության զարգացման գործում։

-Ի՞նչ արդյունք էիք ակնկալում ստանալ, երբ առաջին անգամ ծանոթացաք այս նախաձեռնությանը: Ինչպե՞ս է այն համապատասխանում «Ամարյան» հիմնադրամի առաքելությանն ու արժեքներին:

-Երբ «Պրիմավերա» բարեգործական հիմնադրամը, որի հետ նախկինում համագործակցել էինք երաժշտական հոգեֆիզիոլոգիայի մասին ուսումնական տեսանյութերի շարքի ստեղծման շրջանակում, ներկայացրեց մեզ այս նախագիծը, մենք տեսանք, որ սա կարող է երկարաժամկետ ներդրում դառնալ Հայաստանում երաժշտական կրթության որակի մեջ։

Մեզ համար շատ կարևոր էր ապահովել գրքի տարածումը ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզային դպրոցներում և կոնսերվատորիաներում։ Նախագիծն էլ ավելի ազդեցիկ դարձնելու և գրքի շնորհանդեսն իսկական կրթական իրադարձության վերածելու նպատակով՝ մենք որոշեցինք հրավիրել նաև նոր հրատարակության խմբագրին՝ գերմանացի անվանի ջութակահար Մաքսիմիլիան Սիմոնին, որպեսզի նա անձամբ հանձնի գրքերը և անվճար վարպետության դասեր անցկացնի մեր հայ պատանի ջութակահարների համար։

Այս նախաձեռնությունը լիովին համահունչ է մեր Հիմնադրամի առաքելությանը, որի ուղղություններից մեկն է ապահովել, որ հայ տաղանդների հաջորդ սերունդն ունենա հասանելիություն բարձրագույն որակի կրթական նյութերին։

-Ինչպե՞ս պետք է այս նախագիծը, ըստ ձեզ, նպաստի Հայաստանում ջութակահարների և ջութակի դասախոսների զարգացմանը:

-Մենք վստահ ենք, որ այս թարգմանությունն ու հրատարակությունը կդառնան կարևոր մանկավարժական նյութ ինչպես աշակերտների ու ուսանողների, այնպես էլ դասախոսների ու ուսուցիչների համար։ Կմեջբերեմ «Ամարյան» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Վարդան Ամարյանի խոսքերը, ով նշել էր, որ մենք վստահ ենք, որ ուսանողները կօգտագործեն այս գիրքն իրենց վարպետությունը կատարելագործելու և թե՛ տեղական, թե՛ միջազգային բեմերում փայլուն ելույթները շարունակելու համար:

-Ի՞նչ ուղերձ կամ աջակցության խոսքեր կցանկանայիք փոխանցել երիտասարդ երաժիշտներին՝ հիմնվելով ձեր մասնագիտական փորձի և գիտելիքների վրա:

-Բիզնեսում աշխատանքի իմ երկար տարիների փորձից ելնելով՝ երիտասարդ երաժիշտներին կարող եմ խորհուրդ տալ լինել հետաքրքրասեր, հավակնոտ և հիշել, որ հաջողությունը պետք է վաստակել։

Երբեք մի՛ սահմանափակվեք «բավարար» մակարդակով, ձգտե՛ք անել առավելագույնը և լինել Ձեր ոլորտում լավագույնը։ Շարունակական ուսումնառությունը և հմտությունների կատարելագործումը մասնագիտական հաջողության և պահանջված մասնագետ մնալու գրավականն են։

Իմ երկարամյա կարիերան ինձ սովորեցրել է, որ հաջողության հասնելու կախարդական բանաձև գոյություն չունի։ Այն տքնաջան աշխատանքի, անմնացորդ նվիրումի, ինչպես նաև մարտահրավերներին դիմակայելիս ճկուն և հնարամիտ գտնվելու արդյունք է։ Կարծում եմ՝ երաժիշտները սա շատ լավ գիտեն, քանի որ ելույթ ունենալու համար նրանցից պահանջվում են երկար ժամեր տևող փորձեր, ինչպես նաև շփման կարևոր հմտություններ՝ գործընկեր երաժիշտների և հանդիսատեսի հետ արդյունավետ հաղորդակցվելու համար։ Նվիրվածության և թիմային վարպետության այս սկզբունքները կիրառելի են ինչպես համերգային բեմում, այնպես էլ տնօրենների խորհրդի հետ հանդիպումներին։