Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

ՎԶԵԲ–ը Հայաստանում ներդրել է ռեկորդային 2,4մլրդ եվրո․ ՎԶԵԲ–ի Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)

26.11.2024, 14:17
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետա Ֆալչետտին «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում անդրադարձել է ՀՀ–ում բանկի կատարված ներդրումներին և նպատակներին
ՎԶԵԲ–ը Հայաստանում ներդրել է ռեկորդային 2,4մլրդ եվրո․ ՎԶԵԲ–ի Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետա Ֆալչետտին «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում անդրադարձել է ՀՀ–ում բանկի կատարված ներդրումներին և նպատակներին, համագործակցության հեռանկարներին և ապագա ծրագրերին, ինչպես նաև խոսել է երկրի տնտեսության հեռանկարների և տարածաշրջանային զարգացման հնարավորությունների մասին։

«ԱՌԿԱ»․ որքա՞ն գումար է ՎԶԵԲ-ը ներդրել Հայաստանի տնտեսությունում երկրում իր գործունեությունը մեկնարկելուց ի վեր: Որո՞նք են այն առանցքային ծրագրերը, որոնք ՎԶԵԲ-ն այսօր իրականացնում է Հայաստանում: 

Է․ Ֆալչետտի․ Հայաստանը ՎԶԵԲ-ի կարևոր գործընկերն է, և ավելի քան 2․4 միլիարդ եվրո ենք ներդրել 220 ծրագրերի շրջանակներում: ՎԶԵԲ-ի տարեկան ժողովը և բիզնես համաժողովը, որն այս տարեսկզբին անցկացվեցին Երևանում, զգալի ուշադրություն կենտրոնացրեցին Հայաստանի վրա՝ աշխարհի տարբեր ծայրերից ներգրավելով ավելի քան 2000 մասնակիցների: 

Դա նաև հանգեցրեց Հայաստանում ՎԶԵԲ-ի ներդրումների ռեկորդային մակարդակի: Արդեն իսկ պարտավորվել ենք այս տարի ներդնել 374 միլիոն եվրո 15 գործարքների շրջանակներում, և այս գումարը, հավանաբար, մինչև տարեվերջ կգերազանցի 400 միլիոն եվրոն։ Գումարի մեծությունը ներկայացնելու նպատակով համեմատության համար նշենք, որ վերջին 5 տարիներին Հայաստանում միջին տարեկան ներդրումները կազմել են մոտ 130 մլն եվրո։ 

Մասնավոր հատվածի զարգացմանն աջակցելը ՎԶԵԲ-ի հիմնական առաջնահեր-թություններից է Հայաստանում: Բիզնեսի հետ փոխգործակցության հիմնական գործիքներից մեկը տեղական բանկերի միջոցով համագործակցելն է։ Սովորաբար ֆինանսավորման փաթեթներ են տրամադրում մեր տեղական գործընկեր բանկերին, որոնք այնուհետև վերավարկավորում են մասնավոր հատվածին՝ նրանց աճին, մրցունակությանն աջակցելու և նրանց պրակտիկաներն ավելի կայուն և բիզնեսավարման ավելի կայուն և էկոլոգիապես մաքուր մեթոդներ ներդրելու համար։ Բիզնեսին տրամադրվում է վարկային գիծ՝ մեր դոնոր գործընկերների, ինչպես օրինակ՝ ԵՄ-ի կողմից խրախուսական դրամաշնորհների և տեխնիկական խորհրատվության հետ միասին։ 

Նաև զգալի առաջընթաց ենք գրանցել Փախստականներին արձագանքման մեր ծրագրի իրականացման իմաստով: Փախստականների համար մշակվել և իրականացվել են հմտությունների բարձրացման և վերապատրաստման բազմաթիվ նախաձեռնություններ՝ նրանց տնտեսական ինտեգրումը հեշտացնելու համար: Մոտ ապագայում կհայտարարվի և մի քանի գործընկեր բանկերի միջոցով կիրականացվի 44 միլիոն եվրոյի չափով ֆինանսական աջակցության փաթեթ փախստականների համար։ 

Նաև ակտիվորեն աջակցում ենք Հայաստանում ենթակառուցվածքների զարգացմանը։ Այս ջանքերը լրացնում և աջակցում են կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը: Այս տարվա ամենանշանակալից ծրագրերից էր Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ենթակառուցվածքի վերակառուցման շրջանակներում Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ֆինանսավորումը։ 

Քանի որ Հայաստանը դեպի ծով ելք չունեցող երկիր է, հուսալի ճանապարհային ենթակառուցվածքը հույժ կարևոր է առևտրի արդյունավետ հոսքի համար, ինչը կարող է նպաստել արժեշղթայի զարգացմանը, դիվերսիֆիկացման ավելացմանը և կարագացնի մասնավոր հատվածի և ընդհանուր առմամբ տնտեսության աճը: Սա Հայաստանի համար կարևոր առաջնահերթություն է, ինչն էապես կբարելավի երկրի տրանսպորտային կապը հարևանների հետ։ 

Սյունիքում նոր մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցումը դարձել է մեկ այլ կարևոր ծրագիր՝ ուղղված առևտրի պայմանների բարելավմանը և հայաստանյան բիզնեսի համար արտահանման և ներմուծման ընթացակարգերի պարզեցմանը։ Ծրագիրն ունի նաև սոցիալական բաղադրիչ, որը նպաստում է փախստականների ինտեգրմանը Հայաստանի աշխատաշուկային: Ավելին, կենտրոնը կառուցվելու է էներգաարդյունավետության միջազգային չափանիշներին համապատասխան և լինելու է երկրի առաջին հասարակական շենքերից մեկը, որը կհամապատասխանի կանաչ շենքերի չափանիշներին։ 

Հայաստանում վերականգնվող էներգիայի զարգացմանն աջակցելը ՎԶԵԲ-ի ռազմավարական այլ առաջնահերթություններից է։ Նշանակալից նախագծերից է «Մասրիկի» արևային էլեկտրակայանը՝ առաջին արդյունաբերական մասշտաբի արևային էլեկտրակայանը Հայաստանում, ինչպես նաև Կովկասում։ Ծրագիրը գտնվում է իր վերջնական փուլում, և Հայաստանի էլեկտրացանցին միանալուց հետո այն էապես կբարձրացնի երկրի վերականգնվող էներգիայի արտադրությունը՝ միաժամանակ նվազեցնելով կախվածությունը ներկրվող վառելիքից: 

Այս տարեսկզբին ՎԶԵԲ-ն այլ ֆինանսական հաստատությունների հետ (DEG, Proparco) հաստատեց 200 ՄՎտ հզորությամբ ԱՅԳ-1 արևային էլեկտրակայանի ֆինանսավորումը, որը կկառուցվի «Մասդար» ընկերության կողմից: Իրագործվելուց հետո այս նախագիծը էական դերակատարություն կունենա Հայաստանի էներգաանվտանգության իմաստով, և ուրախ ենք այս կարևոր գործընթացի մի մասը լինելու համար։ 

Իմ այցելության ընթացքում հիանալի էր Երևանի փողոցներում տեսնել 87 նոր, ներառական և էկոլոգիապես մաքուր ավտոբուսներից մի քանիսը: Այս նախագիծը ՎԶԵԲ-ի «Կանաչ քաղաքներ» նախաձեռնության մի մասն է, և ակնկալում ենք աջակցել Երևանի հետագա կանաչապատմանը։ 

Եվ բազմաթիվ հետաքրքիր և կարևոր նախագծեր կան, ինչպես օրինակ՝ աջակցությունը ՏՀՏ ոլորտում ամենայուրօրինակ կոնցեպտներից մեկին՝ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին։ Ֆինանսավորելով ԵՄ - Թումո նոր կոնվերգենցիայի կենտրոնի կառուցումը, նաև դոնորների ֆինանսավորում ենք մոբլիզացրել՝ Թումոյի չափազանց հաջողված մոդելը կիրառելու միջոցով փախստականներին վերապատրաստելու և կարողությունները կատարելագործելու համար: 

«ԱՌԿԱ»․ որո՞նք են ՎԶԵԲ-ի նպատակներն ու խնդիրները Հայաստանում առաջիկա 3-5 տարիների համար: Նախատեսվու՞մ է ավելացնել ներդրումները և ո՞ր ոլորտներն են առաջնահերթ համարվելու ՎԶԵԲ-ի կողմից: 

 Է․ Ֆալչետտի․ իհարկե, ձգտում ենք ապագայում պահպանել ներդրումների բարձր մակարդակը Հայաստանում։ 

ՎԶԵԲ-ը Հայաստանում բազմաթիվ հետաքրքիր նախաձեռնություններ է իրականացնում։ Ունենք եռանդուն, հմուտ թիմ Երևանում, որը մեծ ոգևորությամբ աջակցում է Հայաստանի շարունակական զարգացմանն ու ինտեգրմանը համաշխարհային տնտեսությանը:  

Հաջորդ ամիս, ԵՄ աջակցությամբ, սկսում ենք Կապիտալի շուկաների աջակցության ծրագիր, որն ուղղված է տեղական կապիտալի շուկաների խթանմանը և տեղական ՓՄՁ-ների ֆինանսավորման այլընտրանքային լուծումների ստեղծմանը: Ծրագիրը կոչված է օժանդակելու պարտատոմսերի և բաժնետոմսերի հայկական կորպորատիվ թողարկողներին՝ մասնագիտացված կարողությունների զարգացման և արժեթղթերի թողարկման հետ կապված ծախսերիհամաֆինանսավորման միջոցով: 

Ակնկալում ենք ազդեցություն ապահովել՝ ջրի և կոշտ թափոնների հիմնական ենթակառուցվածքների ֆինանսավորման միջոցով, որտեղ բանկն ունի մանդատ՝ ֆինանսավորելու կոշտ թափոնների կառավարման տարածաշրջանային կառույցները և մի շարք ջրամբարներ: Սրանք ռազմավարական նշանակության նախագծեր են, որոնք սոցիալական, տնտեսական և բնապահպանական օգուտներ կբերեն։ 

Իմ ճանապարհորդության ընթացքում հանդիպեցի կառավարության ներկայացուցիչների, զարգացման գործընկերների, Կենտրոնական բանկի նախագահի, Երևանի քաղաքապետի և մասնավոր հատվածի խաղացողների հետ՝ ավելին իմանալու առկա մարտահրավերների և հնարավորությունների մասին: Ինձ ուղեկցում էր ՎԶԵԲ-ի մասնագետներից կազմված թիմը, ովքեր առանցքային դերակատարություն ունեն մեր հաջորդ Երկրի գործընկերության ռազմավարության մշակման գործում: Հետևաբար հիմնական շահագրգիռ կողմերի հետ մեր քննարկումները դարձել են Հայաստանի ռազմավարության նախապատրաստման անբաժանելի մասը, որը նախատեսում ենք 2025 թվականի առաջին եռամսյակում ներկայացնել մեր խորհրդի հաստատմանը։ Այս ռազմավարությունը կլինի Հայաստանում 2025-2030 թվականների մեր ներդրումային առաջնահերթությունների ճանապարհային քարտեզը։

«ԱՌԼԱ»․ որո՞նք են Հայաստանի տնտեսական աճի ՎԶԵԲ-ի կանխատեսումները ընթացիկ և հաջորդ տարվա համար՝ հաշվի առնելով, որ Տարածաշրջանային տնտեսական ակնարկում կանխատեսումները պահպանվել են 6․2% և 4․8% մակարդակներում։ 

 Է․ Ֆալչետտի․ մի քանի տարվա բացառիկ աճից հետո ակնկալում ենք, որ կարճաժամկետ հեռանկարում ՀՆԱ-ի աճի տեմպերը չափավոր կլինեն: Կանխատեսում ենք, որ իրական ՀՆԱ-ի աճը 2024 թվականին կդանդաղի մինչև 6․2%, իսկ 2025 թվականին՝ 4․8%, որը մոտ է Հայաստանի երկարաժամկետ պոտենցիալ աճի տեմպերին։ Ուկրաինայում պատերազմով պայմանավորված կապիտալի ժամանակավոր հոսքերն անհետացել են, սակայն փախստականների կարիքները բավարարելու և ազգային պաշտպանությունը ուժեղացնելու համար պետական ​​ծախսերի ավելացումը մասամբ փոխհատուցել է այդ ազդեցությունը: Այնուամենայնիվ, աշխարհաքաղաքական անորոշությունը էական ռիսկեր է պարունակում տնտեսական հեռանկարի համար, ինչը կարող է ազդել դրա վրա երկու ուղղություններով էլ: 

«ԱՌԿԱ»․ ինչպե՞ս է ՎԶԵԲ-ը գնահատում Հայաստանի տնտեսական հեռանկարները։ Ըստ Ձեզ, որո՞նք կլինեն աճի շարժիչ ուժերը մոտ ապագայում։

 Է․ Ֆալչետտի․ կարճաժամկետ հեռանկարում աճը պայմանավորված կլինի սպառման և ավանդական ոլորտներով: Այնուամենայնիվ, տնտեսության հետագա աճի ներուժը անմիջականորեն կախված է դրա դիվերսիֆիկացումից: Համաշխարհային արժեշղթաներին ինտեգրվելու աշխարհագրական և լոգիստիկ մարտահրավերների պատճառով աճի հնարավորություններ են նկատվում ՏՏ ծառայությունների ընդլայնման, հյուրընկալության և բիզնես ծառայությունների արտապատվիրակման, ինչպես նաև գյուղատնտեսության և հանքարդյունաբերության ոլորտում ավելացված արժեքի ավելացման մեջ: 

Գյուղատնտեսությանը ներկայումս բաժին է ընկնում զբաղվածություն ունեցող բնակչության մեկ հինգերորդը, բայց շատ ցածր արտադրողականություն ունի: Ուստի ուշադրությունը պետք է կենտրոնացնել նորարարական լուծումների և նոր տեխնոլոգիաների ներդրման վրա՝ նպատակ ունենալով գյուղատնտեսական ապրանքները տեղափոխել արտահանման համար արժեշղթայի վերին հատված։ 

 «ԱՌԿԱ»․ ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի տնտեսության և տարածաշրջանային զարգացման ռիսկերն ու հնարավորությունները աշխարհաքաղաքական իրադարձությունների, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների համատեքստում։ 

 Է․ Ֆալչետտի․ լինելով փոքր և դեպի ծով ելք չունեցող շուկա, Հայաստանը լրացուցիչ տուժում է աշխարհաքաղաքական մարտահրավերների պատճառով։ Նրա երկու հարևանների հետ սահմանները փակ են, իսկ երրորդ հարևանի՝ Իրանի դեմ միջազգային պատժամիջոցները սահմանափակում են առևտուրն այս ուղղությամբ։ 

2022 թվականի փետրվարից ի վեր Ռուսաստանի դեմ բազմաթիվ զարգացած երկրների կողմից կիրառված տնտեսական պատժամիջոցները վտանգի տակ են դրել առևտուրը Հայաստանի ամենամեծ արտահանման շուկայի հետ։ Հետեւաբար, մեծ հնարավորություններ կան, եթե տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակը բարելավվի։ Բաց սահմանները և բարելավված լոգիստիկան կարող են դրական ազդեցություն ունենալ առևտրի հեռանկարների վրա, հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանը մուտք ունի դեպի ԵՄ շուկա Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի միջոցով, ինչպես նաև դեպի Եվրասիական տնտեսական միության անդամակից պետությունների Կենտրոնական Ասիայի շուկաներ: 

«ԱՌԿԱ»․ Ձեր կարծիքով, ի՞նչ քայլեր կարող են օգնել Հայաստանի իշխանություններին ամրապնդել տնտեսական կայունությունը, ապահովել երկարաժամկետ աճ և բարելավել ներդրումային միջավայրը։ 

Է․ Ֆալչետտի․ բարձր ենք գնահատում մակրոտնտեսական կառավարումը և իշխանությունների պրոֆեսիոնալիզմը՝ ֆինանսական հատվածի կայունությունը պահպանելու գործում: Դրանք տնտեսական կայունության ապահովման ամուր հենասյունն են հանդիսանում։ Կառավարությունը առաջընթաց է գրանցել կոռուպցիայի նվազեցման, թափանցիկության բարելավման և հակակոռուպցիոն ինստիտուտների ստեղծման ուղղությամբ: Այս բարեփոխումները պետք է շարունակվեն։ Ավելի շատ ջանքեր են անհրաժեշտ կարգավորման որակը բարելավելու, ինստիտուցիոնալ կարողությունների բարելավման և կառավարության արդյունավետությունը բարձրացնելու համար: 

 «ԱՌԿԱ»․ արդյոք ՎԶԵԲ-ը հաշվի առնու՞մ է համաշխարհային միտումները, ինչպես օրինակ՝ ցածր ածխածնային տնտեսության անցումը և Հայաստանում ծրագրեր մշակելիս թվայնացումը։ Դրանցից որո՞նք են հատկապես արդիական երկրի համար։ 

 Է․ Ֆալչետտի․ ցածր ածխածնային տնտեսությունը և թվայնացումը ՎԶԵԲ-ի շարունակական ռազմավարական աշխատանքի առանցքային ոլորտներն են հանդիսանում բոլոր այն երկրներում, որտեղ մենք գործում ենք, այդ թվում նաև Հայաստանում: Կարծում ենք, որ Հայաստանում հանրային ծառայությունների թվայնացումը կարող է բարձրացնել պետական ​​կառավարման արդյունավետությունը և բարելավել կառավարումն ընդհանրապես։ Կանաչ օրակարգը կարող է բարելավել երկրի էներգետիկ կայունությունը՝ հաշվի առնելով բարենպաստ բնական պայմանները: Պատրաստ ենք աջակցել արևային էներգիայի ոլորտում ներդրումներին, էլեկտրահաղորդման ենթակառուցվածքների արդիականացմանը և հարևան երկրների հետ նոր կապակցման ուղիների կառուցմանը։ Սա կարող է ուժեղացնել էներգետիկ դիմակայությունը՝ միաժամանակ արագացնելով տնտեսական աճը: