Երևանի ՄՀՀ–ում հրդեհի վնասի նախնական չափը գնահատվում է 200 մլն դրամ
21.11.2014,
16:12
Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է մոտ 200 մլն դրամի թանկարժեք լուսավորման տեխնիկա, ուրբաթ լրագրողներին հայտնեց ՄՀՀ մամուլի նախկին քարտուղար Կորյուն Գրիգորյանը։
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է մոտ 200 մլն դրամի թանկարժեք լուսավորման տեխնիկա, ուրբաթ լրագրողներին հայտնեց ՄՀՀ մամուլի նախկին քարտուղար Կորյուն Գրիգորյանը։
«Հրդեհի ժամանակ բացի շոգեբաղնիքից, այրվել է լուսավորման ֆրանսիական թանկարժեք տեխնիկա։ Մեր նախնական հաշվարկներով` մոտ 200 մլն դրամի վնաս է հասցվել... Տվյալ պահին քննություն է կատարվում, այդ պատճառով վնասի չափերն օբյեկտիվ որոշելը բարդ է»,– ասաց նա։
ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն` ՄՀՀ–ում հրդեհի բռնկման մասին ազդանշանը ստացվել է նոյեմբերի 17–ին տեղական ժամանակով 21։25–ին, իսկ արդեն 23։26–ին կրակը մարվել է։ Այրվել է դիմահարդարման սենյակի հարևանությամբ գտնվող 25 քմ մակերեսով շոգեբաղնիքը, կրակը վնասել է նաև հարևան սենյակները։
Գրիգորյանի խոսքով` ՄՀՀ–ն պետությանը հանձնելուց և Հայաստանի պաշտպանության նախարարության հաշվեկշռին գրանեցլուց հետո շենքում մնացել է 10-12 կազմակերպությունների գույք, որի իրավական կարգավիճակը դեռևս սահմանված չէ։ Նա հիշեցրեց, որ միջադեպի օրը ՄՀՀ տարածքում անցկացվում էր Հայաստանի երիտասարդության հիմնադրամի կազմակերպած համերգը։ «Անհեթեթ է, որ երիտասարդության այսքան մեծ կուտակման պայմաններում ոչ ոք հոգ չէր տարել անվտանգության տարրական կանոնների մասին` չի եղել «Շտապօգնության» ոչ մի մեքենա, ոչ մի հրշեջ հաշվարկ»,– ասաց նա, ավելացնելով, որ «մեր իրավաբաններն արդեն դիմել են Հայաստանի պաշտպանության նախարարությանը գույքի ամբողջական ցուցակը ներկայացնելու խնդրանքով»։
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը Երևանում կառուցվել է 1983 թվականին։ Բացումից մեկուկես տարի անց համալիրում բռնկված ուժեղ հրդեհից հետո ՄՀՀ–ն փակվել է ընդհուպ մինչև վերակառուցում 1987 թվականի վերջին։ 1999 թվականին, հայկական խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի ժամանակ զոհվեց Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, համալիրը կոչվեց նրա անունով։
2005 թվականի հոկտեմբերի 9–ին համալիրը 5.7 մլն դոլարով վաճառվել է ռուսական ԲԱՄՕ հոլդինգին, որը պարտավորվել է այն վերակառուցել։ Նոր վերակառուցումը տևել է գրեթե 3 տարի, իսկ արժեքը կազմել է մոտ 42 մլն դոլար։
ՄՀՀ շենքը ուշ խորհրդային շրջանի ճարտարապետության գլուխգործոցներից է։ -0-