Մահվան ելքով վրաերթ Երևանում` ռազմական ոստիկանության աշխատակցի մասնակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Նախօրեին մահվան ելքով վրաերթ է գրանցվել Երևանում։
Ինչպես հաղորդում է ՀՀ ՏԿԱԻ նախարարության Փրկարար ծառայությունը, ժամը 21։25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցում` «Եվրովագեն» ՍՊԸ-ի մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ, տուժածը գտնվում է ավտոճանապարհի երթևկելի հատվածում։
Ինչպես հաղորդում է shamshyan.com կայքը, Երևան քաղաքի 21–ամյա բնակիչը, ով ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակից է, իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին, ով հոսպիտալացման ճանապարհին շտապօգնության մեքենայում մահացել է։
Բացի ոստիկանության աշխատակիցներից, դեպքի վայր է հրավիրվել նաև ՀՀ ՊՆ քննչական վարչության քննիչը:
Դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ վրաերթի ենթարկվածը մի քանի անգամ փողոցը անկանոն անցել է, ու այնքան, մինչև տեղի է ունեցել ողբերգական վրաերթը: Իսկ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, իսկ հետո՝ ոստիկանություն։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:–0–