Չորեքշաբթի երեկոյան զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ. կան ձերբակալվածներ
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում ոստիկանությունից ստացվել են նյութեր՝ հուլիսի 20-ի ուշ երեկոյան տեղի ունեցած զանգվածային անկարգությունների վերաբերյալ, հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ հուլիսի 20-ին` ժամը 22:15-ի սահմաններում, մի խումբ ցուցարարներ կատարել են անկարգություններ, որոնք ուղեկցվել են գույքի ոչնչացմամբ, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող, իրենց ծառայողական պարտականությունները կատարող ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցների նկատմամբ բռնության գործադրմամբ, որի հետևանքով վտանգվել է հասարակական անվտանգությունը:
Երևանի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (զանգվածային անկարգություններ):
Կազմվել է քննչական խումբ, որի կազմում ընդգրկվել են քննիչներ տարածքային ստորաբաժանումներից։ ՀՀ ՔԿ նախագահը հանձնարարել է քննչական խմբին ապահովել քրեական գործի նախաքննության բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունը։
Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, մասնակիցների շրջանակը պարզելու ուղղությամբ: Ներբեռնվել և ուսումնասիրվում են անկարգությունների վերաբերյալ համացանցում առկա տեսանյութերը:
Հուլիսի 21-ին` ժամը 08-ի դրությամբ, զանգվածային անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու կասկածանքով բերման է ենթարկվել 28 անձ, որոնցից 16-ը՝ ձերբակալվել:
Քրեական գործով նախաքննությունը, ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ, շարունակվում է ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում։ Քննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրվի պարբերաբար:
Հուլիսի 17–ին` լուսադեմին, մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց, որոնց թվում են` ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ովքեր գնացել են այնտեղ բանակցություններ վարելու համար։ Հարձակման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը, տարբեր վիրավորումներով հոսպիտալացվել է 6 մարդ` 5 ոստիկան և մեկ հարձակվող։ Չորեքշաբթի օրվա դրությամբ գրավված շենքից ազատ է արձակվել հինգ պատանդ։
ՊՊԾ գնդի շենքը զավթած անձինք պահանջում են ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարան» արմատական ընդդիմադիր շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել է շուրջ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից զենք ապօրինի պահելու կասկածանքով։
Չորեքշաբթի երեկոյան ՊՊԾ գնդի գրավված շենքի մոտակայքում իրավիճակը սրվեց այն բանից հետո, երբ շենքի մոտ հավաքված ցուցարարները պահանջեցին լուծել զինված խմբի անդամների սննդի հարցը։ Մասնավորապես, նրանց ուզում են, որպեսզի զինված խմբի անդամներին սնունդ տանեն ոչ թե ոստիկանները, այլ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Դրանից հետո ցուցարարները փորձեցին ճեղքել ոստիկաններից կազմված շղթան։
Հինգշաբթի լուսադեմին ոստիկանությունը հաշված րոպեներում ցրեց ցուցարարներին Խորենացի փողոցից։ Գործողությունները սկսվեցին երկու զգուշացումից հետո։ Ձերբակալվել են տասնյակ մարդիկ։ Բախումների հետևանքով տարբեր բժշկական հաստատություններ են դիմել 51 տուժածներ, որոնցից 29–ը` ոստիկան։ –0–