Рейтинг@Mail.ru
USD
377.29
EUR
436.15
RUB
4.8215
GEL
137.62
2026 թ. մարտի 10, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Նավթի գները կտրուկ բարձրացել են բարելի դիմաց 119 դոլարից ավել՝ գերազանցելով 2022թ․–ի առավելագույն ցուցանիշները

Երեկ, 13:16
Մերձավոր Արևելքում ռազմական գործողություններն ապակայունացրել են շուկան
Նավթի գները կտրուկ բարձրացել են բարելի դիմաց 119 դոլարից ավել՝ գերազանցելով 2022թ․–ի առավելագույն ցուցանիշները

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի․/ԱՌԿԱ/․ Երկուշաբթի առուվաճառքի ընթացքում նավթի գներն աճել են ավելի քան 26%-ով՝ հասնելով 2022 թվականի կեսերից ի վեր առավելագույն մակարդակին, գրում է «Ինտերֆաքս»-ը:

Մերձավոր Արևելքում ռազմական գործողություններն ապակայունացրել են շուկան. տարածաշրջանից նավթի մատակարարումների զգալի մասն արգելափակվել է Հորմուզի նեղուցի փաստացի փակման պատճառով, և խոշոր արտադրողները ստիպված են կրճատել արդյունահանումը պահեստարանների լցվելուն զուգընթաց:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը, Մոսկվայի ժամանակով ժամը 7:30-ի դրությամբ, կազմել է 116,83 դոլար մեկ բարելի դիմաց, ինչը 24,14 դոլարով (26,04%) բարձր է նախորդ առուվաճառքների փակման ցուցանիշից: Ուրբաթ այս պայմանագրերը թանկացել էին 7,28 դոլարով (8,5%)՝ հասնելով 92,69 դոլարի։

Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային առուվաճառքներում WTI տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսների գինն այդ պահին աճել է 24,91 դոլարով (27,4%)՝ հասնելով 115,81 դոլարի։ Նախորդ նստաշրջանի արդյունքներով՝ դրանց արժեքն աճել էր 9,89 դոլարով (12,2%)՝ կազմելով 90,9 դոլար։

Ավելի վաղ առուվաճառքի ընթացքում Brent-ի գինը բարձրացել էր մինչև 119,5 դոլար, իսկ WTI-ինը՝ մինչև 119,48 դոլար մեկ բարելի դիմաց:

Անցած շաբաթվա ընթացքում Brent-ը թանկացել է 27%-ով, WTI-ն՝ գրեթե 36%-ով: Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի ֆոնին գների շաբաթական այս թռիչքը դարձել է առավելագույնը 2020 թվականի գարնանից ի վեր:

Շաբաթ օրը Աբու Դաբիի ազգային նավթային ընկերությունը՝ Abu Dhabi National Oil (ADNOC), հայտարարել է, որ «կարգավորում է արդյունահանման ծավալները ծովային հանքավայրերում»՝ հաշվի առնելով պահեստարանների չափսերը:

Քուվեյթի Kuwait Petroleum Corp. պետական ընկերությունը նույն օրը հայտնել է, որ կրճատում է նավթի արդյունահանման և վերամշակման ծավալները՝ «Հորմուզի նեղուցով նավերի անվտանգ անցմանն ուղղված իրանական սպառնալիքների պատճառով»: Ընկերությունը հայտարարել է ֆորս-մաժոր էներգակիրների մատակարարումների գծով, հաղորդում է Bloomberg–ը՝ հղում անելով իր մոտ եղած փաստաթղթին։

Սաուդյան Saudi Aramco պետական ընկերությունը դադարեցրել է Ras Tanura նավթավերամշակման համալիրի աշխատանքը մարտի 2-ին անօդաչուների հարվածից հետո և մատակարարումների մի մասը վերաուղղորդում է Կարմիր ծովի Յանբու նավահանգիստ: Կատարի QatarEnergy պետական ընկերությունը մարտի 4-ին ֆորս-մաժոր է հայտարարել հեղուկացված բնական գազի և դրա հետ կապված ապրանքների մատակարարումների գծով:

Մերձավոր Արևելքում հակամարտության շուտափույթ ավարտի նշաններ դեռևս չկան, և Հորմուզի նեղուցը, որով անցնում է համաշխարհային նավթային հոսքերի մոտ 20%-ը, հավանաբար կմնա փակ:

«Նավթային շուկայի կտրուկ արձագանքը պայմանավորված է նրանով, որ ներդրողները Մերձավոր Արևելքում սրվող հակամարտությունից ելքի ակնհայտ ուղիներ չեն տեսնում. սա շատ բարձր խաղադրույքներով դիմակայություն է, որտեղ կողմերից ոչ մեկը, կարծես, պատրաստ չէ առաջինը զիջել», - նշում է IG Markets-ի վերլուծաբան Թոնի Սիկամորը: