Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

Forbes ամսագրի` երկրագնդի ամենահարուստ մարդկանց 2015թ.–ի վարկանիշում հինգ հայ կա

03.03.2015, 17:33
Քըրք Քրքորյանը, Սամվել Կարապետյանը, Դանիլ Խաչատուրովը, Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) և Էդուարդո Էռնեկյանը ներառվել են Forbes ամերիկյան ամսագրի` երկրագնդի ամենահարուստ մարդկանց 2015թ.–ի վարկանիշում, որը հրապարակվել է նախօրեին։
Forbes ամսագրի` երկրագնդի ամենահարուստ մարդկանց 2015թ.–ի վարկանիշում հինգ հայ կա
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /ԱՌԿԱ/. Քըրք Քրքորյանը, Սամվել Կարապետյանը, Դանիլ Խաչատուրովը, Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) և Էդուարդո Էռնեկյանը ներառվել են Forbes ամերիկյան ամսագրի` երկրագնդի ամենահարուստ մարդկանց 2015թ.–ի վարկանիշում, որը հրապարակվել է նախօրեին։

Հայազգի միլիարդատերերի ընդհանուր կապիտալը, ըստ Forbes–ի, կազմել է 20 մլրդ դոլար։

Ըստ ամսագրի` ռուս ձեռներեց, «Մագնիտ» մանրածախ առևտրի ցանցի հիմնադիր Սերգեյ Գալիցկին (8,3 մլրդ դոլար) վարկանիշում զբաղեցրել է 162–րդ հորիզոնականը։

Ամերիկացի գործարար, «Tracinda Corporation» հոլդինգային ընկերության նախագահ և սեփականատեր, հայազգի խոշոր բարերար Քըրք Քրքորյանը միլիարդատերերի վարկանիշում զբաղեցրել է 393–րդ տեղը։ Նրա ընդհանուր ունեցվածքը գնահատվում է 4,2 մլրդ դոլար։

Ռուս ձեռներեց, «Տաշիր» ընկերության ղեկավար Սամվել Կարապետյանը (4 մլրդ դոլար) աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում զբաղեցրել է 418–րդ տեղը։ Կարապետյանը զբաղեցնում է երկրորդ տեղը «Ռուսական անշարժ գույքի թագավորները 2015» Forbes–ի ռուսական տարբերակի վարկանիշում։

Այնուհետև հայազգի ամենահարուստ գործարարների վարկանիշում 1006–րդ հորիզոնականն է զբաղեցրել արգենտինահայ ձեռներեց Էդուարդո Էռնեկյանը, որի ունեցվածքը գնահատվում է 1,9 մլրդ դոլար։ Արգենտինացի գործարարը Հայաստանի հիմնական ներդրողներից է։

Ռուսաստանցի ձեռներեց, «Ռոսգոսստրախի» գլխավոր տնօրեն Դանիլ Խաչատուրովը զբաղեցրել է 1190–րդ տեղը։ Գործարարի ունեցվածքը գնահատվում է 1,6 մլրդ դոլար։

Հարկ է նշել, որ  Forbes–ի վարկանիշում հայաստանցի միլիարդատերեր չեն եղել։

Forbes ամերիկյան ամսագիրը մարտի 2–ին հրապարակել է դոլարային միլիարդատերերի ամենամյա` թվով 29–րդ համաշխարհային վարկանիշը։ Ցանկում ներառվել է 1826 անուն` մեկ տարի առաջ ներառված 1645–ի դիմաց։ Նրանց ընդհանուր ունեցվածքը գնահատվում է 7,05 տրիլիոն դոլար, ինչը 600 մլրդ դոլարով շատ է նախորդ տարվա ցուցանիշից։ Միաժամանակ 290–ը «նորեկներ» են, որոնցից 71–ը ներկայացնում են Չինաստանը։

Ըստ ամսագրի` Microsoft–ի հիմնադիր Բիլ Գեյթսը երկրորդ տարին անընդմեջ զբաղեցրել է առաջին տեղը, նրա ունեցվածքն ավելացել է 3,2 մլրդ դոլարով` կազմելով 79,2 մլրդ դոլար։ Forbes ամսագրում ամենամեծ ցատկը կատարել է Ուորեն Բաֆետը, ով  իր Berkshire Hathaway ներդրումային ընկերության արժեքի աճի շնորհիվ սեփական ունեցվածքն ավելացրել է 14,5 մլրդ դոլարով` հասցնելով 72,7 մլրդ դոլարի։–0–