Հայաստանը չի կարող պահպանել ԵԱՏՄ նորմերը ԵՄ–ի կարգավորումներին անցնելու դեպքում
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Երևանում գիտեն Մոսկվայի սկզբունքային գնահատականները Եվրոպական միությանն անդամակցելու և Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) անդամակցության անհամատեղելիության վերաբերյալ։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Նրա խոսքով՝ այլ ինտեգրացիոն միավորման կարգավորումներին անցնելու դեպքում Երևանը չի կարողանա ապահովել ԵԱՏՄ նորմերի և կանոնների պահպանումը, ինչը հղի է համապատասխան հետևանքներով։
«Ակնկալում ենք, որ հանրապետությունում կառաջնորդվեն պրագմատիզմով. հայկական տնտեսության աճի բարձր տեմպերը, գնաճի ցածր մակարդակը, ամուր ազգային արժույթը, հայկական արտադրանքի սպառման լայն շուկան՝ այս ամենի գրավականը Ռուսաստանի հետ համագործակցությունն է և ԵԱՏՄ շրջանակում գործակցությունը», — նշել է փոխնախարարը։
Գալուզինը հավելել է, որ Ռուսաստանը նախկինի պես ելնում է այն կանխավարկածից, որ Երևանը Մոսկվայի բնական դաշնակիցն է Հարավային Կովկասում։ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների ռազմավարական կարգավիճակն ամրագրված է հարուստ իրավապայմանագրային բազայով, հիշեցրել է նա։
«Մենք միշտ հանդես ենք եկել հանուն հզոր և իսկապես ինքնիշխան հայկական պետության։ Համոզված ենք, որ Ռուսաստանի և Հայաստանի դաշնակցային փոխգործակցությանն այլընտրանք չկա։ Մեր երկրների և ժողովուրդների միջև ամուր կապերը մեծապես ձևավորում են հանրապետության և ողջ տարածաշրջանի կայուն զարգացման հիմքը։ Երկկողմ համագործակցությունը, համակարգված աշխատանքը եվրասիական ընդհանուր կառույցների շրջանակում Հայաստանի ապագա բարօրության գրավականն են», — ընդգծել է Գալուզինը։
Երևանի դիրքորոշումը
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հանրապետությունը շարժվում է դեպի ԵՄ չափանիշներին համապատասխանություն՝ միաժամանակ պահպանելով անդամակցությունը ԵԱՏՄ-ին։ Նրա խոսքով՝ քանի դեռ դա հնարավոր է, Հայաստանը կմնա Եվրասիական տնտեսական միության անդամ։
«Իսկ երբ դա անհնարին դառնա, մենք Հայաստանի քաղաքացիների հետ միասին կկայացնենք որոշում, որը թելադրված կլինի Հայաստանի ժողովրդի կամքի ազատ արտահայտմամբ», — նշել էր Փաշինյանը։