Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-2

ԵԱԶԲ–ն նախատեսում է 2026թ․–ին Հայաստանում ֆինանսավորել 100–150մլն դոլարի նախագիծ

Այսօր, 13:14
Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կողմից 2026 թվականին Հայաստանում նախատեսվող ֆինանսավորման ծավալը կազմում է 100-150 մլն դոլար, հայտարարել է ԵԱԶԲ վարչության նախագահի տեղակալ Յարոսլավ Մանդրոնը
ԵԱԶԲ–ն նախատեսում է 2026թ․–ին Հայաստանում ֆինանսավորել 100–150մլն դոլարի նախագիծ

ԱԼՄԱԹԻ, 18 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կողմից 2026 թվականին Հայաստանում նախատեսվող ֆինանսավորման ծավալը կազմում է 100-150 մլն դոլար, հայտարարել է ԵԱԶԲ վարչության նախագահի տեղակալ Յարոսլավ Մանդրոնը։

«Դա իսկապես լեռնահանքային արդյունաբերությունն է և արդյունաբերության համար թվային կարգավորումների հետ կապված պատմությունը։ Դա մեր կենտրոնացման թիրախն է», — ասել է Մանդրոնը ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

Նա նաև պատասխանել է Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծին բանկի ներգրավվածության վերաբերյալ հարցին։

«Մենք գիտենք այն նախագծի մասին, որի մասին խոսում եք, բայց դա մեր կենտրոնացման թիրախում չէ մոտ ժամանակներս։ Մենք այն չենք դիտարկում որպես նախագիծ, որն այժմ գտնվում է մեր առաջիկա ծրագրերի ցանկում (pipeline)», — ասել է Մանդրոնը՝ պարզաբանելով, որ այդ նախագծում չկա ինտեգրացիոն բաղադրիչ, որն առաջնահերթություն է բանկի համար։

2023 թվականի փետրվարին Հայաստանը, ԵԱԶԲ-ն և «Lydian Armenia»-ն ստորագրել էին Փոխըմբռնման հուշագիր, ըստ որի կողմերը պատրաստ էին ներգրավել շուրջ 150 մլն դոլար և ևս 100 մլն դոլար այդ փաստաթղթից դուրս՝ Ամուլսարի հանքի շահագործման համար։ Փաստաթուղթը նախատեսում էր ԵԱԶԲ-ի կողմից 100 մլն դոլարի վարկի տրամադրում, ևս 50 մլն դոլար նախատեսվում էր ստանալ տեղական բանկից։

2024 թվականի նոյեմբերին ԵԱԶԲ վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը հայտարարել էր, որ բանկը պատրաստ էր աշխատել Ամուլսարի հանքի ուղղությամբ, սակայն նախագծի ֆինանսավորման հայտը հետ է կանչվել։ Նրա խոսքով՝ Հայաստանում պետք է լուծեն այդ հարցը։

ԵԱԶԲ-ի համախառն ներդրումները Հայաստանում 2022-2025թթ. (փաստացի ծավալը) կազմել են 380 մլն դոլար, իսկ 2010 թվականից ի վեր կուտակված ներդրումները հասնում են 639 մլն դոլարի։

ԵԱԶԲ–ի մասին

Եվրասիական զարգացման բանկը միջազգային բազմակողմ ֆինանսական կազմակերպություն է, որը ստեղծվել է մասնակից պետությունների տնտեսական աճին աջակցելու, նրանց միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնման և եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացների զարգացման նպատակով՝ ներդրումային գործունեության միջոցով։ ԵԱԶԲ-ն հիմնադրվել է Ռուսաստանի և Ղազախստանի կողմից, հետագայում բանկի անդամ դարձան Հայաստանը, Տաջիկստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Ուզբեկստանը։

ԵԱԶԲ կանոնադրական կապիտալը կազմում է 7 մլրդ դոլար։

Հայաստանը ԵԱԶԲ անդամ պետություն է 2009 թվականից։ Մինչև 2026 թվականը բանկի երկրային ռազմավարության շրջանակում հիմնական ուշադրությունը դարձվում է բազային ենթակառուցվածքների զարգացման և արդիականացման նախագծերի աջակցությանը՝ էներգետիկ և տրանսպորտային անվտանգության ապահովմանը, էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացմանը և պարենային անվտանգության զարգացմանը, ինչպես նաև արտահանմանն ուղղված ոլորտների և երկրի ֆինանսական համակարգի ներուժի հզորացմանը։