Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

ԵԱՏՄ–ն 5 տարում կարող է ներդնել 1մլրդ դոլար արդյունաբերության ոլորտի կոոպերացիոն նախագծերում. նախարար Քամալյան

08.06.2023, 12:04
ԵԱՏՄ–ն հինգ տարում կարող է մինչև 1մլր դոլարի ֆինանսավորել բազմակողմ ինտեգրացիոն նախագծեր արդյունաբերական ոլորտում
ԵԱՏՄ–ն 5 տարում կարող է ներդնել 1մլրդ դոլար արդյունաբերության ոլորտի կոոպերացիոն նախագծերում. նախարար Քամալյան
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի./ԱՌԿԱ/. ԵԱՏՄ–ն հինգ տարում կարող է մինչև 1մլր դոլարի ֆինանսավորել բազմակողմ ինտեգրացիոն նախագծեր արդյունաբերական ոլորտում։ Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերության համալիրի հարցերով նախարար Արտակ Քամալյանը Բելառուսի առևտրաարդյունաբերական պալատի անդամների, Բելառուսի Հանրապետության շահագրգիռ ձեռնարկությունների և պետական մարմինների հետ հանդիպմանը։

Նա նշել է, որ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրում կատարվող փոփոխությունների արդյունքում, որոնք համաձայնեցվել են անդամ պետությունների ղեկավարների կողմից մայիսի 25-ին՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ստացել է Միության բյուջեից արդյունաբերության ոլորտի բազմակողմ ինտեգրացիոն նախագծերի արտոնյալ ֆինանսավորման նոր լիազորություններ։

«Հաջորդ տարվանից մենք կկարողանանք բանկերին սուբսիդավորել տրամադրված վարկերի տոկոսադրույքների մի մասը։ Բյուջեն կձևավորվի հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերից ստացվող բաժնեմասային վճարներից», – նշել է Քամալյանը։ Նրա խոսքերը հրապարակվել են ԵՏՀ–ի կայքում։

ԵՏՀ նախարարի խոսքով, նոր մեխանիզմը գործարկելու նպատակով այժմ մշակվում է Հիմնադրույթ կոոպերացիոն նախագծերի ընտրության և դրանց իրականացման դեպքում ֆինանսական աջակցության տրամադրման կարգի մասին։

«Արդյունաբերական կոոպերացիային ֆինանսական աջակցության ծրագիրը կնպաստի մեր երկրների հետագա տեխնոլոգիական զարգացմանը, կապահովի նոր տեխնոլոգիաների հասանելիությունը փոքր և միջին ձեռնարկությունների համար, ինչպես նաև կխթանի ինտեգրացիոն գործընթացներն ամբողջ եվրասիական տարածքում», – նշել է Քամալյանը։

Գործարար համայնքի ներկայացուցիչները հանդիպման ընթացքում բարձրաձայնել են ֆինանսավորման նոր մեխանիզմի ներդրման դեպքում նախապատվությունների և արտոնյալ դրույքաչափերի տրամադրման պայմանների, ինտեգրացիոն նախագծերի իրականացման համար բարենպաստ պայմանների ստեղծման հարցերը, ինչպես նաև ֆորսմաժորային հանգամանքների հնարավոր առաջացումը։–0–