Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Երևանի վերջին «գազ չունեցող» թաղամասը կգազիֆիկացվի

16.01.2013, 15:36
ՀՀ կառավարությունը չորեքշաբթի կայացած նիստի ընթացքում որոշում կայացրեց քաղաքապետարանին 200 մլն դրամի չափով միջոցներ հատկացնել` Երևանի «Նորաշեն» 16–րդ թաղամասի 29 բազմաբնակարանային բնակելի շենքերի գազիֆիկացմանն աջակցման համար։
Երևանի վերջին «գազ չունեցող» թաղամասը կգազիֆիկացվի
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը չորեքշաբթի կայացած նիստի ընթացքում որոշում կայացրեց քաղաքապետարանին 200 մլն դրամի չափով միջոցներ հատկացնել` Երևանի «Նորաշեն» 16–րդ թաղամասի 29 բազմաբնակարանային բնակելի շենքերի գազիֆիկացմանն աջակցման համար։

Ինչպես նիստի ընթացքում տեղեկացրեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անհրաժեշտ աշխատանքները կատարելուց հետո գազից կարող է օգտվել մինչև 12 հազար մարդ, և Երևանում այլևս չգազիֆիկացված թաղամաս չի մնա։

«Բնակիչները բազմիցս խնդրել են գազիֆիկացնել թաղամասը, դիմել են նախագահ Սերժ Սարգսյանին։ Պետության ղեկավարը հանձնարարեց ուսումնասիրել այդ հարցը։ Խնդիրը քննարկելով ՀայՌուսգազարդի հետ` մենք այն եզրակացության եկանք, որ նախագիծն իրականացվող է»,– նշեց Երևանի քաղաքապետը` ավելացնելով, որ համապատասխան ծրագիրն արդեն առկա է։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին նշեց, որ 100 մլն դրամ կհատկացնի Երևանի քաղաքապետարանը և շուրջ 1 մլրդ դրամ` ՀայՌուսգազարդը։

2012թ.–ի դեկտեմբերի 1–ից դրությամբ հանրապետության գազային ցանցին միացված է 636 187 բաժանորդ։

Նախորդ տարվա 11 ամիսների ընթացքում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի փաստացի գազ սպառողների թիվն ավելացավ 10476–ով։

«ՀայՌուսգազարդ» ընկերությունը ստեղծվել է 1997 թ.-ին, ընկերության կանոնադրական կապիտալում «Գազպրոմ» ԲԲԸ-ի մասնաբաժինը կազմում է 80 տոկոս, ՀՀ կառավարության մասնաբաժինը՝ 20 տոկոս:-0-