Երևանի շուրջ 300 փողոցի ընթացիկ և 30 փողոցի կապիտալ վերանորոգում և ասֆալտապատում կիրականացվի 2013թ.–ին. քաղաքապետ
02.04.2013,
16:40
Երևանի շուրջ 300 փողոցի ընթացիկ և 30 փողոցի կապիտալ վերանորոգում և ասֆալտապատում կիրականացվի 2013թ.–ին, հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /ԱՌԿԱ/. Երևանի շուրջ 300 փողոցի ընթացիկ և 30 փողոցի կապիտալ վերանորոգում և ասֆալտապատում կիրականացվի 2013թ.–ին, հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։
«2013 թվականի ծրագրերով մայրաքաղաքում իրականացվելու են 2.5 միլիոն քմ ասֆալտապատման աշխատանքներ, այդ թվում՝ շուրջ 300 փողոցի ընթացիկ և 30 փողոցի կապիտալ վերանորոգում և ասֆալտապատում»,– Մարգարյանի խոսքը մեջբերեցին քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։
Խորհրդակցության ընթացքում քաղաքապետին տեղեկացրել են, որ մայրաքաղաքում շարունակվում են էլեկտրական և գազային ենթակայանների վերականգնման աշխատանքները։
Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանն իր հերթին տեղեկացրեց, որ նախորդ շաբաթ տարբեր վարչական շրջաններում տեղադրվել են հայտարարությունների համար նախատեսված ևս 50 ցուցատախտակներ։ Նաև աշխատանքներ են տարվում մայրաքաղաքի բոլոր բարձրահարկ բնակելի շենքերի շքամուտքերի առաջ հայտարարությունների ցուցատախտակների տեղադրման ուղղությամբ։ –0–