Рейтинг@Mail.ru
USD
377.36
EUR
436.15
RUB
4.5802
GEL
139.53
2026 թ. մարտի 27, ուրբաթ
եղանակը
Երևանում
+9

Որ մշակաբույսերի համար որքան փոխհատուցում կտրվի․ կառավարությունը հաստատել է Բուսաբուծության աջակցության 2026 թ. ծրագիրը

Երեկ, 17:41
Ծրագրի նպատակն է բարձրացնել պարենային անվտանգության մակարդակը
Որ մշակաբույսերի համար որքան փոխհատուցում կտրվի․ կառավարությունը հաստատել է Բուսաբուծության աջակցության 2026 թ. ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի․/ԱՌԿԱ/. Կառավարությունը հաստատել է Բուսաբուծության աջակցության 2026 թ. ծրագիրը։

Ծրագրի նպատակն է բարձրացնել պարենային անվտանգության մակարդակը՝ հացահատիկային (գարնանացան ցորենի, գարնանացան գարու, եգիպտացորենի, վարսակի, հաճարի), հատիկաընդեղեն (ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ) մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) ցանքատարածությունների ընդլայնման միջոցով։ 

Նշվում է, որ ծրագրի շահառու կարող է հանդիսանալ մինչև 100 հա մակերեսով (բացառությամբ տնամերձ հողատարածքների) աղյուսակում ներառված մշակաբույսերի մշակություն իրականացնող տնտեսավարողը, իսկ միևնույն հողամասի նկատմամբ համասեփականատերերի առկայության դեպքում ծրագրից կարող է օգտվել համասեփականատերերից միայն մեկը։ 

Նշվում է, որ յուրաքանչյուր շահառու համապատասխան մարզում կարող է իրականացնել մի քանի տեսակի մշակաբույսերի ցանք․ 

Ըստ ծրագրի՝ գարնանացան հացահատիկային և կերային մշակաբույսերի ցանքը պարտադիր պետք է կատարվի մինչև 2026 թ. հունիսի 1-ը (բացառությամբ գարնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքն Ծաղկահովիտ համայնքի և Ամասիա համայնքի վերին ենթաշրջանում պետք է կատարվի մինչև տվյալ տարվա հունիսի 10-ը), եգիպտացորենի ցանքը Արարատի և Արմավիրի մարզերում պետք է կատարվի մինչև 2026 թ. մայիսի 20-ը, հատիկաընդեղեն մշակաբույսերինը՝ մինչև 2026 թ. հունիսի 10-ը, որոնց հսկողությունն իրականացնում են համայնքները։ 

Առվույտի և կորնգանի ծածկոց հանդիսացող հացահատիկային մշակաբույսերով ցանքի դեպքում պարտադիր է միայն հիմնական մշակաբույսի սերմերի հավաստագրումն ու լաբորատոր փորձաքննությունը, իսկ փոխհատուցումը տրամադրվում է բացառապես հիմնական մշակաբույսի համար սահմանված գումարի չափով։ 

Խառը ցանքերի դեպքում հավաստագրված և փորձաքննված պետք է լինեն ցանված բոլոր մշակաբույսերի սերմերը, սակայն փոխհատուցումը հատկացվում է միայն հացահատիկային մշակաբույսերի համար նախատեսված փոխհատուցվող գումարի հաշվով։ 

Փոխհատուցումը տրամադրվելու է հետևյալ սահմանաչափերով՝ գարնանացան հացահատիկային մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 70 000 դրամ, իսկ եգիպտացորենի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 85 000 դրամ, հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 100 000 դրամ, բազմամյա խոտաբույսերի (առվույտի, կորնգանի) 1 հեկտար մակերեսի մշակության հաշվով՝ 110 000 դրամ։ 

Նշվում է, որ արդյունքում՝ կբարձրանա հանրապետության պարենային ինքնաբավության մակարդակը, կիրականացվի հավաստագրված սերմերով 26 000 հեկտար ցանք, այդ թվում՝ գարնանացան հացահատիկային մշակաբույսերի՝ 23 500 հեկտար, հատիկաընդեղեն մշակաբույսերի` 500 հեկտար, իսկ բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան)՝ 2000 հեկտար, կբարձրանա արտադրողականությունը, ինչպես նաև կնվազի ներմուծման ծավալները։