Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
+3

Թուրքմենստանը հետաքրքրված է Հայաստանի հետ փոխշահավետ գործակցությամբ. Բերդիմուհամեդով

11.10.2019, 11:51
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրբաթ առավոտյան Աշխաբադում հանդիպում է ունեցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ
Թուրքմենստանը հետաքրքրված է Հայաստանի հետ  փոխշահավետ գործակցությամբ. Բերդիմուհամեդով

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրբաթ առավոտյան Աշխաբադում հանդիպում է ունեցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Թուրքմենստանի նախագահը ողջունել է Հայաստանի վարչապետին Աշխաբադում և կարևորել նրա այցը՝ և՛ երկկողմ, և՛ բազմակողմ հարաբերությունների խորացման հեռանկարները քննարկելու համատեքստում։

«Կարծում եմ՝ մենք ունենք լավ հնարավորություն քննարկելու մեր հետագա համագործակցության հարցերը՝ ի շահ մեր ժողովուրդների բարեկեցության ապահովման», - ասել է Թուրքմենստանի նախագահը։

Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը գոհունակություն է հայտնել հայ-թուրքմենական հարաբերությունների զարգացման ընթացքից և նշել, որ Թուրքմենստանը հետաքրքրված է Հայաստանի հետ փոխշահավետ համագործակցության, տարբեր ոլորտներում կապերի ընդլայնմամբ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշել է, որ ուրախ է այցելել Թուրքմենստան և առիթ ունենալ մտքեր փոխանակելու հայ-թուրքմենական փոխգործակցության ընթացքի և զարգացման շուրջ։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ Թուրքմենստան այցելելու հրավերի և ջերմ ընդունելության համար։ Հաճելի է գտնվել Աշխաբադում։ Սա իմ առաջին այցն է Թուրքմենստան, որի ընթացքում հնարավորություն ունենք քննարկելու ոչ միայն բազմակողմ օրակարգին, այլև մեր երկկողմ գործակցությանը վերաբերող հարցեր։ Վստահ եմ՝ մեզ կհաջողվի քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր թեմաները», - ասել է  Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ վարչապետը նշել է, որ Կենտրոնական Ասիայում Թուրքմենստանը Հայաստանի կարևոր գործընկերներից է, որի հետ մեր երկիրն ունի արդյունավետ, կառուցողական փոխհարաբերություններ, և բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը համահունչ պետք է ակտիվացնել նաև տնտեսական համագործակցությունը։

Հայաստանի վարչապետը և Թուրքմենստանի նախագահն անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության օրակարգին, տնտեսական կապերի և առևտրաշրջանառության աշխուժացմանը, տարբեր ոլորտներում առկա ներուժի իրացմանը վերաբերող հարցերի։ Քննարկվել են ածխաջրածինների ոլորտում համագործակցության հեռանկարները։ Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու ժողովուրդների բարեկամությունը կարևոր հիմք և ներուժ է՝ Հայաստան-Թուրքմենստան փոխհարաբերությունները սերտացնելու համար, և փոխադարձաբար պատրաստակամություն հայտնել՝ հնարավորինս խթանել համատեղ շահավետ ծրագրերն ու նախաձեռնությունները:

Կողմերը մտքեր են փոխանակել ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի գործունեության կարևորության, ԱՊՀ շրջանակում համագործակցության զարգացման և այլ հարցերի շուրջ։