«Թրամփի երթուղին», այլ ոչ թե «Զանգեզուրի միջանցքը», բիզնես նախագիծ է, որը գտնվում է ՀՀ-ի ամբողջական իրավազորության ներքո. Ռուբինյան
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի ամբողջական իրավազորության ներքո գտնվող բիզնես նախագիծը «Թրամփի երթուղին» է (TRIPP), այլ ոչ թե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Նա արձագանքել է Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի հայտարարությանն այն մասին, որ Իրանը դեմ է «Թրամփի ուղի» նախագծի իրականացմանը, և որ այդ նախագիծը ոչնչով չի տարբերվում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ից։
«Մեր դեսպանն իրանական կողմի համար կրկնել է, որ TRIPP-ը բիզնես նախագիծ է, որը գործելու է Հայաստանի ամբողջական ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության ներքո և հավասարության, փոխադարձության սկզբունքներով, և, ոչ, TRIPP-ը նույն «Զանգեզուրի միջանցքը» չէ։
Նա ընդգծել է, որ ՀՀ-ն մշտապես կապի մեջ է իրանցի գործընկերների հետ, տեղեկացնում է նրանց զարգացումների վերաբերյալ, հաշվի է առնում նրանց զգայունությունները, նրանց շահերը հաշվի առնված են։
Վաշինգտոնյան հռչակագրի մասին
Վաշինգտոնում օգոստոսի 8–ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և ԱՄՆ–ի նախագահների հանդիպման արդյունքում ստորագրվել է հռչակագիր։ Հռչակագիրը բաղկացած է 7 կետից, որոնք, մասնավորապես, ազդարարում են Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի համաձայնեցված տեքստի նախաստորագրում Կողմերի արտաքին գործերի նախարարների կողմից, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների կողմից Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանն (ԵԱՀԿ) ուղղված՝ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և կից կառուցակարգերի լուծարման վերաբերյալ համատեղ դիմումի ստորագրում, ջանքերի գործադրում, որոնք կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով․ Հայաստանի Հանրապետության կողմից աշխատանք Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։