Տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները նոր ազդակ են հաղորդում առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը. Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի ․/ԱՌԿԱ/․ Տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները դրական ազդեցություն ունեն նաև Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության վրա, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշերբաևի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։
«Մասնավորապես, Ադրբեջանի, Ռուսաստանի և Վրաստանի միջոցով հաստատված երկաթուղային հաղորդակցությունը նոր ազդակ է հաղորդում առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը»,-ասել է Փաշինյանը։
Ղազախստանի ԱԳ նախարարը համոզմունք է հայտնել, որ հաստատված երկաթուղային հաղորդակցությունը էապես ընդլայնելու է երկկողմ առևտրատնտեսական կապերը։
Միաժամանակ, Երմեկ Կոշերբաևը կարևորել է տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը և ընդգծել Ղազախստանի աջակցությունը TRIPP և ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծերին։ Նա շեշտել է, որ Ղազախստանը ևս շահագրգիռ է վերոնշյալ նախագծերի իրականացմամբ և տարածաշրջանային առևտրատնտեսական կապերի ընդլայնմամբ։
Կողմերը քննարկել են ենթակառուցվածքների, շինարարության, գյուղատնտեսության, տեխնոլոգիաների, ավիահաղորդակցության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր։
Այդ առումով, կարևորվել է Հայաստանի և Ղազախստանի միջև ուղիղ ավիաչվերթերի իրականացումը։ Զրուցակիցները կարևորել են նաև հայաստանյան գործարարների պատվիրակության առաջիկայում նախատեսվող այցը Ղազախստան, ինչը ևս նոր ազդակ կհաղորդի տնտեսական համագործակցությանն ու բիզնես կապերի զարգացմանը։