Рейтинг@Mail.ru
USD
376.98
EUR
435.22
RUB
4.6982
GEL
139.91
2026 թ. ապրիլի 3, ուրբաթ
եղանակը
Երևանում
+12

Ռուսաստանում հայտարարել են Հայաստանից մատակարարվող արտադրանքի վերաբերյալ պահպանվող դժգոհությունների մասին

Այսօր, 14:48
Հայաստանից ՌԴ մատակարարվող բուսական և անասնաբուծական արտադրանքի նկատմամբ դժգոհությունները, որոնք առաջացել էին մի քանի տարի առաջ
Ռուսաստանում հայտարարել են Հայաստանից մատակարարվող արտադրանքի վերաբերյալ պահպանվող դժգոհությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Հայաստանից ՌԴ մատակարարվող բուսական և անասնաբուծական արտադրանքի նկատմամբ դժգոհությունները, որոնք առաջացել էին մի քանի տարի առաջ, պահպանվում են, գրում է «Ինտերֆաքսը»։

Այս իրավիճակից ելքը կարող է լինել ԵԱՏՄ շրջանակում տեղեկատվական համակարգերի ինտեգրումը, որը թույլ է տալիս ապահովել արտադրանքի հետագծելիությունը, հայտարարել է «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտը։

«Այն տեսականին և արտադրանքի այն քանակը, որը ստացվում է Հայաստանից, հիմք է տալիս ենթադրելու, որ դրանք բոլորը չէ, որ հայկական ծագում ունեն։ Մենք զբաղվել ենք այդ խնդրով և՛ 2024 թվականին, և՛ 2023 թվականին», — հայտարարել է Դանկվերտը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Խոսքը նախևառաջ արտադրանքի մատակարարումների անտրամաբանական աճի մասին է, ինչը ԵԱՏՄ շրջանակւմ շուկաներ մուտք գործելու դյուրացված կարգի հետևանք է։

«Օրինակ՝ երեք տարվա ընթացքում Հայաստանը ծաղիկների մատակարարումները 36 միլիոնից հասցրել է ավելի քան 100 միլիոն հատի։ Նաև այլ տեսակի արտադրանքների մասով աճ է գրանցվել։ Մենք ստիպված էինք ֆիտոսանիտարական հսկողությունը տեղափոխել սահմանին ավելի մոտ, — ասել է նա։ — Տեսանք նաև, որ մեծ քանակությամբ արտադրանք, որն ուղարկվում է Ռուսաստանի տարածք, չի հասնում այն վայրերը, որոնց համար նախատեսված է»։

«Մենք բավականին երկար կարգավորում էինք և տեսնում ենք իրականում մեծ քանակությամբ կարանտինային օբյեկտներ. Հայաստանից ստանում ենք կարանտինային օբյեկտների մոտ 900-ից ավելի հայտնաբերումներ, ինչը զգալիորեն բարդացնում է աշխատանքը։ Օրինակ՝ պետք է իրականացնել վարակազերծում։ Ծաղիկների մասով մենք պետք է ատեստավորենք արտադրության վայրերը, փորձել ենք տեսատեսչական ստուգումներ անցկացնել», — ասել է ծառայության ղեկավարը։

Խոսելով անասնաբուծական արտադրանքի մատակարարման խնդիրների մասին՝ Դանկվերտը հայտարարել է, որ այս ոլորտում «նույնպես մատակարարվող արտադրանքի մի մասը կարող է լինել ոչ հայկական ծագման»։

«Մենք տեսել ենք չհետագծվող արտադրանքի մատակարարումներ, ինչպիսիք են կարագը, պանիրները, իշխանը։ Հայաստանի լեռնային գետերի իշխանը ոչ մի կերպ չի կարող նման լինել նորվեգականին», — ասել է նա։

Նրա խոսքով՝ այս ամենը հանգեցրել է նրան, որ Հայաստանից մատակարարումների նկատմամբ սկսել են կիրառмել ավելի խիստ պահանջներ, այդ թվում՝ արտադրանքի հետագծելիության վերաբերյալ։

Ստեղծված իրավիճակից ելքը Դանկվերտը տեսնում է ԵԱՏՄ շրջանակում անվտանգության վերահսկողության տեղեկատվական համակարգերի ինտեգրման մեջ։

«Մեր էլեկտրոնային համակարգերը թույլ են տալիս արագ հետևել (մատակարարվող արտադրանքին — խմբ․) և արդյունավետ աշխատել», — ասել է նա՝ նշելով, որ համագործակցության շրջանակում «դա դեռևս չի հաջողվում»։