Ռուսաստանը պատրաստ է Հայաստանին առաջարկել համագործակցության արտոնյալ մոդելներ ատոմային ոլորտում. Զախարովա
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ մշակել համագործակցության արտոնյալ ֆինանսական մոդելներ ատոմային էներգետիկայի ոլորտում, հինգշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հաշվի առնելով մեր երկրների միջև երկկողմ հարաբերությունների բնույթը՝ մենք պատրաստ ենք մշակել արտոնյալ ֆինանսական մոդելներ, ինչի մասին բազմիցս ասել ենք հայկական կողմին։ Այս բոլոր առաջարկները մնում են սեղանին, բայց եթե դուք որևէ տեղ գտնեք հիշատակված ամերիկյան մոդելի ավարտուն նախագիծ, խնդրում եմ, ցույց տվեք»,- ասել է նա։
Զախարովան ընդգծել է, որ այս ուղղությամբ Ռուսաստանի և Հայաստանի միջև արդեն իսկ գոյություն ունի տևական և փոխշահավետ փոխգործակցություն, որն ամրապնդում է թե՛ երկու երկրների, թե՛ ողջ տարածաշրջանի էներգետիկ անվտանգությունը։
Դիվանագետը նշել է, որ այս հարցերով «չեն կատակում»։
«Սրանք այն հարցերը չեն, որոնք կարելի է այսօր հնչեցնել, հետո սկսել դրանց համար գումար հավաքել, վաղը չէ մյուս օրը ինչ-որ հիմք գցել, իսկ հետո պարզապես հրաժարվել դրանից, ինչպես դա արեցին Ամերիկայում 2024 թվականին»,- հայտարարել է Զախարովան։
Հայ–ամերիկյան համաձայնագրերը
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ փետրվարի 9-ին Հայաստան կատարած պաշտոնական երկօրյա այցի շրջանակում ստորագրվել է համատեղ փաստաթուղթ՝ միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համագործակցության մասին միջկառավարական համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ։
Փաստաթուղթը ձևավորում է իրավական հիմք խաղաղ ատոմի ոլորտում հետագա փոխգործակցության, մասնավորապես՝ լիցենզավորման և ԱՄՆ տեխնոլոգիաների ու սարքավորումների հնարավոր ներգրավման համար։ Համաձայնագիրը նախատեսում է մինչև 5 միլիարդ դոլարի արտահանման մատակարարումներ սկզբնական փուլում և ևս մինչև 4 միլիարդ դոլար՝ վառելիքի և սպասարկման համար։
Ռոսատոմի առաջարկի մասին
Ավելի վաղ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը Հայաստանին առաջարկել էր համալիր համագործակցություն ատոմային էներգետիկայի ոլորտում։
Համագործակցությունը կարող է ներառել մեծ, միջին կամ փոքր հզորության ատոմակայանների կառուցում, ինչպես նաև ոչ միջուկային բնույթի նախագծեր, պարզաբանել են «Ռոսատոմում»։
Հայկական կողմի քննարկմանն արդեն ներկայացվել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի կողմից մշակված 1200 ՄՎտ հզորությամբ նոր էներգաբլոկի կառուցման նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումը (ՏՏՀ)։
ԱԷԿ–ի մոդելի ընտրության մասին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները որոշում են կայացրել, որ նոր ատոմակայանը լինելու է մոդուլային տիպի, սակայն վերջնական ընտրությունը կկատարվի 2026–2027 թվականներին։
«Մենք շարունակում ենք ուսումնասիրել առաջարկները, այդ թվում՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Հարավային Կորեայի և Ֆրանսիայի գործընկերների հետ», - ասել է Խուդաթյանը:
Հայկական ԱԷԿ–ի մասին
Հայկական ԱԷԿ-ը՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում միակ ատոմային էլեկտրակայանը, գտնվում է Մեծամոր քաղաքի մոտ՝ Երևանից մոտ 30 կմ դեպի արևմուտք։ Կայանը երկրի էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուրներից մեկն է՝ ապահովելով ընդհանուր արտադրության մինչև 40%-ը։
Գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականը, և աշխատանքներ են տարվում այն ևս 10 տարով կրկնակի երկարաձգելու ուղղությամբ։
Հայաստանի իշխանությունները ծրագրում են 8–10 տարվա ընթացքում կառուցել նոր ատոմակայան։ Ներկայումս ուսումնասիրվում են տարբեր տարբերակներ և ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Չինաստանի, Ռուսաստանի ու Հարավային Կորեայի գործընկերների փորձը։
Ավելի վաղ «Ռոսատոմի» գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Կիրիլ Կոմարովը, պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին, հայտարարել էր, որ կորպորացիան կարող է Հայաստանին առաջարկել 50-ից մինչև 1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ։ Նրա խոսքով՝ կա հնարավորություն, մասնավորապես, 50 ՄՎտ հզորությամբ բլոկներից «հավաքել» ցանկացած հզորության ռեակտոր։