Պուտինն ակնկալում է մոտ ապագայում հայ–ռուսական ապրանքաշրջանառությունը կավելանա
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում անդրադարձել է հայ–ռուսական ապրանքաշրջանառության հետ կապված սպասումներին։
«Մեր առևտրաշրջանառությունը կանոնավորվել է։ Եթե 2024 թ-ին այն գերազանցել է 11 միլիարդը (դոլար), ապա այս տարվա առաջին ինն ամիսներին այն կազմել է 4,5 միլիարդ (դոլար)։ Սա նույնպես լավ ցուցանիշ է, և մեզ հիմք է տալիս կարծելու, որ մոտ ապագայում մենք այն կավելացնենք», – ասել է Պուտինը։
Նա նաև նշել է, որ կան լավ ծրագրեր, արդեն քննարկվել են էներգետիկան, այդ թվում՝ ատոմային էներգետիկան։
«Հիմա մանրամասների մեջ չենք մտնի, բայց կա քննարկելու, խոսելու հնարավորություն։ Լոգիստիկայի ոլորտի մասին նույնպես», – հայտարարել է Պուտինը։
Խոսելով տարբեր հարցերի մասին, որոնց վրա կարելի է համատեղ աշխատել՝ Պուտինը նշել է նաև հին երթուղիների վերականգնումը և նոր երթուղիների ստեղծումը, որոնք կբացեն Հայաստանի սահմանները:
«Այսպիսով, ընդհանուր առմամբ, ամեն ինչ լավ է ընթանում: Իհարկե, կան այլ հարցեր, որոնք մենք հիմա կքննարկենք», – նշել է Պուտինը։
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2025 թվականի 10 ամիսների ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 5,72 մլրդ դոլար՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 47,8%-ով։ Ընդ որում, արտահանումը Հայաստանից նվազել է 9,2%-ով՝ կազմելով 2,38 մլրդ դոլար, ներմուծումը Ռուսաստանից (որպես արտահանող երկիր) կազմել է 3,48 մլրդ դոլար, ինչը նշանակում է 58,3% անկում։