Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-2

Հայաստանում պարենային ապրանքների գները հունիսին նվազել են 3%–ով

07.07.2015, 21:03
Հայաստանում պարենային ապրանքների գները 2015 թ.–ի հունիսին, նույն տարվա մայիսի համեմատ, նվազել են 3 տոկոսով, հաղորդում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։
Հայաստանում պարենային ապրանքների գները հունիսին նվազել են 3%–ով

ԵՐԵՎԱՆ, հուլիսի 7. /ԱՌԿԱ/. Հայաստանում պարենային ապրանքների գները 2015 թ.–ի հունիսին, նույն տարվա մայիսի համեմատ, նվազել են 3 տոկոսով, հաղորդում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։

Պարենային ապրանքների գների անկումը պայմանավորված է հիմնականում բանջարեղենի, կարտոֆիլի և ձվի գների 30,9-7,4 տոկոսանոց նվազմամբ։

Միաժամանակ բանջարեղենի և կարտոֆիլի գներն այս տարվա հունիսին, նույն տարվա մայիսի համեմատ, նվազել են 30,9 տոկոսով, իսկ նախորդ տարվա հունիսի համեմատ` 6,9 տոկոսով։

Ձվի գինը երկրում 2015 թ.–ի հունիսին, նույն տարվա մայիսի համեմատ, նվազել է 7,4 տոկոսով, իսկ նախորդ տարվա հունիսի համեմատ գրանցվել է գների 4,1 տոկոսանոց աճ։

2015 թ.–ի հունիսին, նույն տարվա մայիսի համեմատ, երկրում գրանցվել է կաթնամթերքի գների 1,7 տոկոսանոց անկում, իսկ 2014 թ.–ի հունիսի համեմատ` 4,3 տոկոսի աճ։

Ձկնամթերքը հաշվետու ամսում, նախորդ ամսվա համեմատ, էժանացել է 1,4 տոկոսով, 2014 թ.–ի հունիսի համեմատ` 12,2 տոկոսով։

Մսամթերքը նախորդ ամսվա համեմատ էժանացել է 0,6 տոկոսով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թանկացել է 4,1 տոկոսով։

Միաժամանակ շաքարավազի գինը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 0,5 տոկոսով, իսկ նախորդ տարվա հունիսի համեմատ ավելացել է 3,3 տոկոսով։

Միաժամանակ Հայաստանում մրգի գինն ամսվա ընթացքում ավելացել է 13,3 տոկոսով, իսկ 2014 թ.–ի հունիսի համեմատ` 21,1 տոկոսով։

Բացի այդ, այս տարվա հունիսին, նույն տարվա մայիսի համեմատ, երկրում գրանցվել է սուրճի, թեյի և կակաոյի գների աճ` 0,1 տոկոսով, այլ ապրանքների գներն աճել են 0,2 տոկոսով, հրուշակեղենի գները` 0,3 տոկոսով, ոչ ալկոհոլային խմիչքների գները` 0,3 տոկոսով, բուսական և կենդանական յուղերի գները` 0,4 տոկոսով։


Հայաստանում սպառողական գները 2015 թ.–ի հունիսին, նախորդ ամսվա համեմատ, նվազել են 1,4 տոկոսով, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ավելացել են 5,5 տոկոսով։

Պետյբուջեի համաձայն` Հայաստանում գնաճը 2015 թ.–ին նախատեսված է 4 տոկոսի սահմանում (±1,5%), ՀՆԱ–ի աճը` 4,1 տոկոսի սահմանում։ –0–