Օվերչուկ. Հայաստանը մոտ է նրան, որ Ռուսաստանը ստիպված կլինի այլ կերպ կառուցել տնտեսական կապերը նրա հետ
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլ․/ԱՌԿԱ/․ Հայաստանը շատ մոտ է այն կետին, որից հետո Ռուսաստանը ստիպված կլինի այլ կերպ կառուցել տնտեսական հարաբերությունները նրա հետ, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
Նա խոստովանել է, որ երկկողմ հանդիպումների ժամանակ, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ձևաչափով «հայ ղեկավարները խոսում են Ռուսաստանի հետ բարեկամության մասին և հավաստիացնում իրենց հավատարմությունը ԵԱՏՄ-ին»։
«Մեր կողմից քննարկումներն անկեղծ բնույթ են կրում և միշտ հարգալից են: Միևնույն ժամանակ, համադրելով խոսքերը գործերի հետ, գալիս ես այն եզրակացության, որ մեր գործընկերները շատ մոտ են այն կետին, որից հետո մենք ստիպված կլինենք այլ կերպ կառուցել մեր տնտեսական հարաբերությունները այդ երկրի հետ»,- հավելել է նա:
Ինչպես նշել է Օվերչուկը, ՌԴ կառավարությանը, իր լիազորությունների բերումով, «մտահոգիչ են Հայաստանի հետ առևտրատնտեսական կապերի ապագա վիճակի հեռանկարները»։ «Հաշվի առնելով կոնցեսիայի (Հայաստանի երկաթուղու - խմբ.) վաճառքի մասին հայտարարությունը, տարածաշրջանային համատեքստի ընդհանուր ըմբռնումը և Հայաստանի ղեկավարության քաղաքականությունը ԵՄ-ի հետ մերձեցման ուղղությամբ՝ լուրջ հարցեր են առաջանում դրանց ապագայի վերաբերյալ»,- արձանագրել է նա: