Рейтинг@Mail.ru
USD
377.67
EUR
448.14
RUB
4.9086
GEL
140.92
2026 թ. փետրվարի 16, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+11

Նման մտավախություն չունենք․ ՀԾԿՀ նախագահը՝ ԱԷԿ–ի ժամանակավոր կանգառի դեպքում էլեկտրաէներգիայի հնարավոր դեֆիցիտի մասին

Այսօր, 15:23
Նա հայտնել է, որ դեռևս խորհրադային տարիներից Հայաստանն ունի ավելի շատ տեղակայված գեներատորներ, քան սեփական սպառումն է
Նման մտավախություն չունենք․ ՀԾԿՀ նախագահը՝ ԱԷԿ–ի ժամանակավոր կանգառի դեպքում էլեկտրաէներգիայի հնարավոր դեֆիցիտի մասին

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն իր ասուլիսի ժամանակ անդրադարձել է ատոմակայանի՝ այս տարի նախատեսվածից երեք ամիս ավելի կանգառի մեջ գտնվելու դեպքում էլեկտրաէներգիայի հնարավոր դեֆիցիտին և հայտնել, որ իրենք նման մտավախություն չունեն։

«Այդ բացը լրացվում է այլ կայանների ավելի աշխատանքի ճանապարհով, հետևաբար, վստահեցնում եմ ձեզ, որ նման մտավախություն չունենք», – ասել է Մեսրոպյանը։ 

Նա հայտնել է, որ դեռևս խորհրադային տարիներից Հայաստանն ունի ավելի շատ տեղակայված գեներատորներ, քան սեփական սպառումն է։ 

Մեսրոպյանի խոսքով՝ ցանկացած պահի Հայաստանը այս կամ այն էլեկտրակայանը կարող է փոխարինել կանգառի մեջ գտնվող էլեկտրակայանով։

«Այլ բան է, թե դրա արդյունքում ինչպիսի սակագին կստանանք»,- նշել է ՀԾԿՀ նախագահը։

Հայկական ԱԷԿ–ի մասին

Հայկական ԱԷԿ-ը՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում միակ ատոմային էլեկտրակայանը, գտնվում է Մեծամոր քաղաքի մոտ՝ Երևանից մոտ 30 կմ դեպի արևմուտք։ Կայանը երկրի էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուրներից մեկն է՝ ապահովելով ընդհանուր արտադրության մինչև 40%-ը։

Գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականը, և աշխատանքներ են տարվում այն ևս 10 տարով կրկնակի երկարաձգելու ուղղությամբ։

Հայաստանի իշխանությունները ծրագրում են 8–10 տարվա ընթացքում կառուցել նոր ատոմակայան։ Ներկայումս ուսումնասիրվում են տարբեր տարբերակներ և ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Չինաստանի, Ռուսաստանի ու Հարավային Կորեայի գործընկերների փորձը։

Ավելի վաղ «Ռոսատոմի» գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Կիրիլ Կոմարովը, պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին, հայտարարել էր, որ կորպորացիան կարող է Հայաստանին առաջարկել 50-ից մինչև 1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ։ Նրա խոսքով՝ կա հնարավորություն, մասնավորապես, 50 ՄՎտ հզորությամբ բլոկներից «հավաքել» ցանկացած հզորության ռեակտոր։