Рейтинг@Mail.ru
USD
376.88
EUR
442.38
RUB
4.8762
GEL
140.04
2026 թ. մարտի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Ներդրումային և ֆինանսական երկրորդ համաժողովը հետաձգվում է

Երեկ, 15:27
Կազմակերպչական հանձնաժողովը տեղեկացնում է, որ «Հնարավորությունների ժամանակը․ Հայաստանը՝ համաշխարհային շուկաների նոր ճարտարապետության մեջ» խորագրով Ներդրումային և ֆինանսական երկրորդ համաժողովը հետաձգվում է
Ներդրումային և ֆինանսական երկրորդ համաժողովը հետաձգվում է

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի․/ԱՌԿԱ/․ Կազմակերպչական հանձնաժողովը տեղեկացնում է, որ «Հնարավորությունների ժամանակը․ Հայաստանը՝ համաշխարհային շուկաների նոր ճարտարապետության մեջ» խորագրով Ներդրումային և ֆինանսական երկրորդ համաժողովը, որի անցկացումը նախատեսված էր 2026 թվականի մարտի 3-ին՝ Երևանի «Դվին» մյուզիք հոլում, հետաձգվում է։

Որոշումն ընդունվել է Մերձավոր Արևելքում ստեղծված լարված իրավիճակի պայմաններում, որը կարող է ռիսկեր առաջացնել միջոցառման մասնակիցների անվտանգության տեսանկյունից։ Բացի այդ, տարածաշրջանի մի շարք երկրների հետ միջազգային ավիահաղորդակցության սահմանափակումները դժվարացնում են արտերկրյա բանախոսների և պատվիրակությունների ժամանումը։

Համաժողովը միջազգային մասնագիտական հարթակ է, որը միավորում է պետական կառույցների, ֆինանսական հատվածի, ներդրումային համայնքի և արտասահմանյան գործընկերների ներկայացուցիչներին՝ նպատակ ունենալով խթանել մասնագիտական երկխոսությունը և քննարկել Հայաստանի դերը համաշխարհային ֆինանսական շուկաների նոր ճարտարապետության մեջ։ Ստեղծված պայմաններում հնարավոր չէ ապահովել հրավիրված բոլոր բանախոսների և պատվիրակությունների լիարժեք մասնակցությունը, ինչպես նաև միջոցառման բարձր կազմակերպչական չափանիշների պահպանումը։

Կազմակերպչական հանձնաժողովը ներողություն է խնդրում պատճառված անհարմարությունների համար և շնորհակալություն հայտնում գործընկերներին, մասնակիցներին և հրավիրյալներին ըմբռնման համար։

Համաժողովի նոր ամսաթվի մասին կտեղեկացվի լրացուցիչ։ Մասնակիցների գրանցումները կպահպանվեն և ուժի մեջ կմնան նաև նոր ամսաթվի դեպքում։

Համաժողովի մասին

 Առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը՝ «Հայաստանի կապիտալի շուկաները․ հայացք ապագային», անցկացվել է 2024 թվականին և համախմբել ավելի քան 500 մասնակից։ Freedom Broker Armenia-ի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության համատեղ կազմակերպմամբ համաժողովը դարձել է շուկայի առանցքային մասնակիցների փոխգործակցության առաջատար հարթակ՝ ներառյալ պետական ​​մարմինները, բիզնեսի ներկայացուցիչները, լրատվամիջոցները և լայն հանրությունը։ 

Freedom Broker Armenia-ի մասին

 Freedom Broker Armenia-ն (իրավաբանական անվանումը՝ ՍՊԸ «Ֆրիդոմ Ֆինանս Արմենիա») Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ներդրումային ընկերություն է, որը ապահովում է մուտք տեղական և միջազգային ֆոնդային շուկաներ։ Ընկերությունն առաջարկում է ներդրումային և բրոքերային ծառայությունների ամբողջական փաթեթ՝ արժեթղթերով գործառնություններ, ֆոնդային ներդրումներ, մասնակցություն IPO-ներին, ինչպես նաև ինքնուրույն առևտուր առցանց հարթակի միջոցով։

Freedom Broker Armenia-ն հանդիսանում է միջազգային ֆինանսական Freedom Holding Corp. հոլդինգի մաս, որի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում (FRHC տիկեր)։ Հոլդինգի շուկայական կապիտալիզացիան կազմում է 10,54 մլրդ ԱՄՆ դոլար, ակտիվները՝ 10,3 մլրդ դոլար (2025թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ)։ Խումբը ներկայացված է ԱՄՆ-ում, Եվրոպայում, ԱՊՀ երկրներում և Ասիայում, ունի ավելի քան 10 000 աշխատակից, 232 գրասենյակ և ավելի քան 6,1 մլն օգտատեր թվային էկոհամակարգում։