Рейтинг@Mail.ru
USD
375.73
EUR
440.09
RUB
4.8644
GEL
139.4
2026 թ. ապրիլի 10, ուրբաթ
եղանակը
Երևանում
+11

Միրզոյան. Հայաստանն ակնկալում է երրորդ գործընկերների օգնությունը, երբ սկսվի TRIPP նախագծի շինարարությունը

Այսօր, 18:09
Հայաստանն ու ԱՄՆ-ն շարունակում են երկկողմ աշխատանքը «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի իրականացման ուղղությամբ՝ չնայած աշխարհում տեղի ունեցող ոչ այնքան բարենպաստ գործընթացներին, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը
Միրզոյան. Հայաստանն ակնկալում է երրորդ գործընկերների օգնությունը, երբ սկսվի TRIPP նախագծի շինարարությունը

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Հայաստանն ակնկալում է գործընկեր երրորդ երկրների օգնությունը, երբ «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագիծը թևակոխի շինարարության փուլ, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Չնայած աշխարհում տեղի ունեցող անբարենպաստ գործընթացներին՝ Հայաստանը և ԱՄՆ-ն շարունակում են երկկողմ աշխատանքը TRIPP նախագծի իրականացման ուղղությամբ։ Այս պահին աշխատանքներ են տարվում փաստաթղթերի վրա, գտնվում ենք միջպետական համաձայնագրի կնքման փուլում»,- ասել է Միրզոյանը պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Միրզոյանի խոսքով՝ պարբերաբար տեղի է ունենում նաև մտքերի փոխանակում ԱՄՆ վարչակազմի հետ։ «Հուսով եմ, որ հնարավորինս շուտ կանցնենք արդեն շինարարության փուլին։ Հենց այդ ժամանակ կպահանջվի երրորդ գործընկերների աջակցությունը։ Նախագիծը բխում է բազմաթիվ երկրների շահերից՝ Չինաստանից մինչև Պորտուգալիա, չխոսելով արդեն տարածաշրջանում մեր անմիջական հարևանների մասին»,- նշել է նա։

Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը, ի պատասխան «Արմենպրեսի» հարցման, հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը շարունակում է հավատարիմ մնալ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագիծն իրականություն դարձնելու հանձնառությանը։

Ապրիլի 2-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է և հանձնառու է «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի անհապաղ իրականացմանը։

Վաշինգտոնյան հռչակագրի մասին

Վաշինգտոնում 2025թ.-ի օգոստոսի 8–ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և ԱՄՆ–ի նախագահների հանդիպման արդյունքում ստորագրվել է հռչակագիր։

Հռչակագիրը բաղկացած է 7 կետից, որոնք, մասնավորապես, ազդարարում են Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի համաձայնեցված տեքստի նախաստորագրում Կողմերի արտաքին գործերի նախարարների կողմից, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների կողմից Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանն (ԵԱՀԿ) ուղղված՝ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և կից կառուցակարգերի լուծարման վերաբերյալ համատեղ դիմումի ստորագրում, ջանքերի գործադրում, որոնք կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով․ Հայաստանի Հանրապետության կողմից աշխատանք Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։

TRIPP նախագծի մասին  

«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարօրության» (TRIPP) նախագծի շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի, Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի միջև և ամրագրվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրով։  

2025թ.-ի դեկտեմբերի 10-ին Փաշինյանը հայտարարել է, որ անհրաժեշտ ենթակառուցվածքների՝ երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների, նավթամուղների ու գազամուղների, ինչպես նաև օպտիկամանրաթելային մալուխների զարգացման իրավունքը կստանա հայ-ամերիկյան «TRIPP Company» համատեղ ձեռնարկությունը, որը կգրանցվի Հայաստանում։ Իրականացման և շինարարության փուլը նախատեսվում է սկսել 2026 թվականին։