Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը կերկարաձգվի մինչև 2036թ․–ն․ նախարար
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում հաջողությամբ շարունակվում է Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացումը, հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:
«Ատոմակայանի շահագործման ժամկետի առաջին երկարաձգման ծրագրի իրականացումը՝ մինչև 2026 թվականը, շարունակվում է: Երկրորդ ծրագրով նախատեսվում է ԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարաձգել ևս 10 տարով»,- հայտարարել է նախարարը 2025 թվականի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ պայմանագրերն այս պահին արդեն կնքված են, իսկ աշխատանքները կատարվում են հաստատված օրացուցային գրաֆիկին համապատասխան։
«Մենք վստահ ենք, որ ծրագիրը հաջողությամբ կիրականացվի, ինչի արդյունքում ատոմակայանը միացված կմնա Հայաստանի էներգահամակարգին առաջիկա 10 տարիների ընթացքում»,- նշել է Խուդաթյանը: