Կսահմանվի չհայտարարագրվող եկամուտների ցանկը
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Մենք պատրաստվում ենք բերել ևս մեկ նախագիծ, որով կսահմանվեն այն չհարկվող եկամուտների ցանկերը, որոնք ենթակա չեն հայտարարագրման, կամ որոնք հայտարարագրման ենթակա են միայն միանվագ գործարքի գծով սահմանված որոշակի շեմը գերազանցելու դեպքում։
Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտնել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նախարարի խոսքով՝ նախագծով սահմանվում են հավելյալ պարզեցումներ, քանի որ քաղաքացիները հարցեր են բարձրացնում, թե որոնք են այդ շեմերը։
«Հիմա մենք կոնկրետ սահմանում ենք այն երկար ցանկը, որոնք հայտարարագրման ենթակա չեն և երկու շաբաթվա ընթացքում կներկայացնենք կառավարության հաստատմանը»,- նշեց Հովհաննիսյանը։
Նախարարը նաև հիշեցրեց, որ 2025 թվականի հայտարարագիրը ներկայացնելու համար գործընթացը կսկսվի մարտի 2-ից և կտևի մինչև նոյեմբերի 1-ը։