Ջրի դեֆիցիտը՝ որպես տնտեսական գործոն․ «Վեոլիա Ջուրը» նախատեսում է իրականացնել 11 մլրդ դրամի ներդրում
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում ջրամատակարարման հարցն աստիճանաբար դուրս է գալիս կոմունալ օրակարգի շրջանակներից և ձեռք է բերում տնտեսական նշանակություն։ Սպառման աճը, կլիմայական փոփոխությունները և ակտիվ կառուցապատումը կայուն ճնշում են գործադրում համակարգի վրա, ինչը պահանջում է մասշտաբային ներդրումներ և ենթակառուցվածքային քաղաքականության վերանայում։
Ինչպես հայտարարել է «Վեոլիա Ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում, 2025-2026 թվականներին նախատեսվում է իրականացնել շուրջ 11 մլրդ ՀՀ դրամի ներդրումային ծրագիր, որն ուղղված է ջրամատակարարման համակարգի արդիականացմանը։
Համակարգի վրա ճնշման առանցքային գործոն է դառնում ջրասպառման աճը՝ պայմանավորված.
- Երևանում և Երևանամերձ բնակավայրերում ակտիվ շինարարությամբ,
- բաժանորդների թվի ավելացմամբ,
- ինչպես նաև ամառային ժամանակահատվածում աննախադեպ շոգ պայմաններով։
Դա հանգեցնում է լրացուցիչ ջրապահանջարկի, ինչի արդյունքում առաջանում է ջրի դեֆիցիտ և ենթակառուցվածքների ավելացման ու հզորացման պահանջ։
«Վեոլիա Ջուր» ընկերության պարտավորությունը վարձակալության պայմանագրի 15 տարիների համար սահմանափակված է 45 մլրդ դրամի (ԱԱՀ-ն ներառյալ) պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրով, որը նախատեսված է սպասարկման ողջ տարածքի՝ Երևանի և 45 քաղաքային բնակավայրերի և 334 գյուղական բնակավայրերի համար։
Ընկերությունն իր իրացրած ռազմավարության և ներդրումային ծրագրերի հաշվին կարողացել է ապահովել բացառապես ջրի ֆիզիկական կորստի 101․71 մլն խմ կամ 16,44% կրճատում։ Միաժամանակ, առևտրային կորուստը նվազել է 61,23 մլն խմ-ով կամ 52․38%-ով։
Այնուամենայնիվ, այս միջոցառումները բավարար չեն նոր ծանրաբեռնվածությունները փոխհատուցելու համար։ Փաստացի խոսքը ուրբանիզացիայի տեմպերի և ենթակառուցվածքներում իրականացվող ներդրումների միջև առկա ճեղքի մասին է:
Առանձին համակարգային ռիսկ են դառնում կլիմայական փոփոխությունները։ Ընկերության տվյալներով, վերջին տարիներին նկատվում է․
- ջրաղբյուրների ջրատվության նվազեցում
- ջրապահանջարկի ավելացում։
Այս ամենն ուժեղացնում է Երևանի համար ջրի ռազմավարական պաշարների ստեղծման, առկա համակարգերը հզորացնելու և/կամ նորերը կառուցելու, նոր ջրաղբյուրներ ներգրավելու հարցը, ինչը պետք է ֆինանսավորվի այլ աղբյուրներից
Նշվում է, որ նման նախագծերը պահանջում են ֆինանսավորում արտաքին աղբյուրներից, ինչը բացում է պետության և ֆինանսավորման հնարավոր մոդելների մասնակցության հարցը։
Գործող սակագնային մոդելը (180–200,42 դրամ խմ–ի համար) ձևավորվում է վարձակալության պայմանագրի շրջանակում և կարգավորվում է պետության կողմից։
Սակագների վերանայումը կախված է․
- մանրածախ ջրամատակարարման ծավալից
- տարեկան սղաճից
- էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխությունից։
Միևնույն ժամանակ, գործող մոդելը սահմանափակում է ներդրումների արագացված աճի հնարավորությունները, ինչը սակագնային քաղաքականության երկարաժամկետ կայունության հարցը դարձնում է առանցքային ոլորտի համար։
Ջուրը՝ որպես ենթակառուցվածքային ռիսկ
Ջրամատակարարման իրավիճակը ոլորտային խնդրից աստիճանաբար վերածվում է տնտեսության համար ենթակառուցվածքային ռիսկի.
- կառուցապատման և շինարարության համար,
- արդյունաբերության և ծառայությունների համար,
- քաղաքային միջավայրի որակի համար:
Նման պայմաններում ջրային ենթակառուցվածքը դառնում է կայուն աճի կրիտիկական գործոններից մեկը՝ էներգետիկայի և տրանսպորտի հետ մեկտեղ: