Հունվարին ՀՀ-ում արտահանումը և ներմուծումը կրճատվել են՝ 2025 թ.-ի վերջին 2 ամիսների բարձր աճից հետո. Համաշխարհային բանկ
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի․/ԱՌԿԱ/․ Հունվարին Հայաստանում արտահանումը և ներմուծումը կրճատվել են համապատասխանաբար 13,5%-ով (տ/տ) և 11,2%-ով (տ/տ)՝ 2025 թվականի վերջին երկու ամիսների բարձր աճից հետո։
Այս մասին նշվում է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – March 2026» տեսության մեջ։
«Արտահանումը նվազել է թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի գծով 45,1% նվազման, ինչպես նաև կենցաղային տեխնիկայի գծով 69,1% նվազման հետևանքով, ինչը պայմանավորված էր վերաարտահանման նվազմամբ։ Կրճատվել են նաև այլ ապրանքային խմբերի արտահանման ծավալները, ինչպիսիք են կիսապատրաստվածքները (16% անկում) և կենդանական ծագման արտադրանքը (23,8% անկում)։ Հիմնական դրական նպաստումն ապահովել է հանքահումքային արտադրանքը, որի արտահանումն աճել է 43%-ով»,- նշվում է հետազոտության մեջ։
ՀԲ վերլուծաբանները մատնանշում են, որ ներմուծումը նվազել է 11,2%-ով՝ դարձյալ թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի գծով 63,3% անկման, կենցաղային տեխնիկայի գծով 42,7% անկման, ինչպես նաև տրանսպորտային միջոցների ներմուծման 25,7% կրճատման հետևանքով։
Զեկույցում նշվում է, որ հունվարին, առանց թանկարժեք մետաղների ու քարերի և կենցաղային տեխնիկայի առևտրի հաշվառման, արտահանումն աճել է 8%-ով (տ/տ), մինչդեռ ներմուծումը մնացել է նույն մակարդակին։
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026 թվականի հունվարին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 1,28 միլիարդ դոլար՝ 2025 թվականի հունվարի համեմատ նվազելով 12%-ով, ընդ որում՝ արտահանումը կազմել է 463,9 միլիոն դոլար, իսկ ներմուծումը՝ 811,8 միլիոն դոլար։